Էրդողանն ու Կովկասը Բայդենի առաջնային ու ածանցյալ նպատակներում

Էրդողանն ու Կովկասը Բայդենի առաջնային ու ածանցյալ նպատակներում

Հունիսի 14-ին հանդիպում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը, որոնք ի թիվս տարբեր հարցերի, քննարկելու են նաեւ արցախյան հարցը, ինչպես օրեր առաջ ազդարարել էր ԱՄՆ նախխագահի Ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը: Ինչ ազդեցություն է ունենալու Բայդեն-Էրդողան հանդիպումը վերջինի, եւ նրա կցորդ Ալիեւի ռեգիոնալ քաղաքականության վրա: Ի դեպ այդ իմաստով  հատկանշական է, որ հանդիպման նախաշեմին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցը, ու փաստացի նաեւ այցի շրջանակում հայ-ադրբեջանական համաձայնությունը  հայ ռազմագերի վերադարձնելու առումով, որի դիմաց էլ Հայաստանը համաձայնել է տրամադրել ականապատ տարածքների որոշ մասի՝ Աղդամի շրջանի քարտեզը: Դա տեղի է ունեցել Վրաստանի միջնորդությամբ: Գործնականում, Ռիքերի ռեգիոնալ այցի ընթացքում որոշակիորեն գործադրվել է ամերիկյան կառավարմամբ եռակողմ գործակցության մի մեխանիզմ, որը տվել է փոխշահավետ արդյունք: Այստեղ առանցքային հարցն այն է, թե որքանով է այդ մեխանիզմը հակադրված եղել ռուս-թուրքական հաստատված ռեգիոնալ մեխանիզմին, կամ դրա առանձին բաղադրիչներին՝ Ռուսաստանին, կամ Թուրքիային: Սա էական նրբերանգ է լինելու նաեւ Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հետ Ջո Բայդենի առանձին հանդիպումների համատեքստում, որոնք տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 14-ին եւ 16-ին: Այլ կերպ ասած, այդ հանդիպումները լինելու են Թուրքիային ու Ռուսաստանին միմյանցից տարանջատելու, կամ արցախյան պատերազմի միջոցով նրանց սերտ միությունը որոշակիորեն հեռացնելու, թե՞ ռուս-թուրքական ձեւաչափին ամերիկյան գերակայությունը թելադրելու միտված հանդիպումներ: Իհարկե անկասկած է, որ այդ խնդիրը լինելու է տվյալ հանդիպումներում Բայդենի օրակարգի մի մասը եւ անշուշտ ածանցյալ է լինելու ավելի լայն օրակարգից, որտեղ ինչպես հայտարարել է Սպիտակ տունը նրա պաշտոնամուտից կարճ ժամանակ անց՝ գլխավոր մրցակից է հռչակված Չինաստանը: Այդուհանդերձ, այն, որ Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցի համատեքստում նաեւ Վրաստանի միջոցով տեւական ժամանակ նախապատրաստվել եւ իրացվել է հայ-ադրբեջանական համաձայնության որոշակի քայլը, հուշում է, որ ԱՄՆ-ը բոլորովին երկրորդական նպատակներ չէ, որ ունի Կովկասի առնչությամբ: