Հույս եմ փայփայում, որ Ռոբերտ Քոչարյանն իր արածների դիմաց կստանա քրեական արձագանք

Հույս եմ փայփայում, որ Ռոբերտ Քոչարյանն իր արածների դիմաց կստանա քրեական արձագանք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա) Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը, այդ քարոզարշավի շրջանակներում փոխադարձ մեղադրանքները, սպառնալիքներն ու վիրավորանքները, այդ թվում այն, որ առաջին դեմքերը արդեն մտնում են դիմացինի ընտանիք: Այժմյան Հայաստանի նախընտրական քարոզարշավը, ճիշտն ասած, ինձ հիշեցնում է շատ վատ բեմադրված տիկնիկային թատրոն, որը խաղարկվում է այն նպատակով, որպեսզի այսօր մարդկանց ուշադրությունը շեղի այն հարցադրումից, որը մեր բոլորիս առջև կանգնելու է հունիսի 20-ին: Իսկ հարցադրումը բավականին պարզ ու հասարակ է՝ ինչ ապագա ենք ուզում ստեղծել մեր երեխաների համար: Հիմա կա ընդամենը երկու հնարավոր որոշում. առաջինը, մենք մնում ենք Ռուսաստանի փեշի տակ՝ ընկերություն անելով Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ավտորիտար պետությունների հետ, Երկրորդը, մենք փորձում ենք գնալ դեպի Արևմուտք՝ մտնելով ԵՄ պետությունների ընտանիք և ստանալ անվտանգության ապահովագրում ԱՄՆ-ից: Առաջին տարբերակը մենք արդեն 30 տարի ծամծմում ենք, և ինչպես պարզվեց, ահագին ատամներ ենք ջարդել ու ոչ մի բանի չենք հասել: Երկրորդ տարբերակը բավականին ծանր կարող է թվալ, բայց ես ուզում եմ ընդգծել մի փաստ, որ Հայաստանի պատմության ընթացքում երբեք Հայաստանը այդ մակարդակի մեկնած ձեռք Արևմուտքից դեռ  չի ստացել: Եթե մենք այսօր մենք այդ շանսը չկարողանանք օգտագործել, կարծում եմ՝ հետագայում դա ավելի բարդ կլինի անել, եթե ոչ անհնար: Վերադառնալով քարոզարշավին կարող եմ ընդգծել, թե մի կողմը, թե մյուս կողմը  նույն տիկնիկապանն է կառավարում: Այնպես որ տարբերություն չկա, իրենք կարող են իրար վերջին հայհոյանքներով  մեղադրել, բայց դա նույն տեղից է կառավարվում, ոչ մի տարբերություն ես իրենց մեջ չեմ դնում: Խոսքը նախկինների ու ներկաների մասին է: Ինչպիսի՞ն է Սփյուռքի արձագանքը Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ձեր գնահատմամբ, արդյոք հետընտրական զարգացումներ հնարավոր են, թե ոչ: Այո, վերջերս խոսակցություն եմ ունեցել Եվրամիության տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, նաև ԱՄՆ-ի համայնքի ներկայացուցիչների հետ, և բոլոր մոտ մտահոգություն կա: Բոլորը սպասում են հունիսի 16-ին Բայդեն-Պուտին հանդիպմանը, որտեղ համոզված եմ՝ նաև կբարձրացվի Հայաստանի հետագա ճակատագրի հարցը: Բոլորիս մտահոգում են այն փաստերը, այն տեղեկությունները, որոնք գալիս են Ռուսաստանից, որ փաստորեն, նախկինում ավտորիտար պետությունը հիմա կամաց-կամաց արդեն տոտալիտար կայսրության հատկանիշներ է ձեռք բերում, քանի որ տեսնում ենք, որ ընդդիմությունը լռեցված է, մարդկանց բանտ են նետում, կոնսլագերային տիպի աշխատանքային ճամբարներ են ստեղծվում և այլն: Այնպես որ մտահոգված ենք նրանով, թե մեր ապագան ոնց է կառուցվելու, մեզ ինչ է սպասվում ապագայում: Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում պարծենում է իր վարած տնտեսական քաղաքականությամբ, ներկայացնում է, թե «գույք պարտքի դիմաց» գործարքով Հայաստանը հաջողություններ է գրանցել: Ինչպե՞ս եք սա գնահատում: Եկեք դիտարկենք, թե այդ ինչո՞վ է Հայաստանի նախկին ղեկավար ռոբերտ Քոչարյանը պարզենում: Երևի նրանով, որ հանձնել է Ռուսաստանին գրեթե բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ցանցերն ու ձեռնարկությունները, որոնց թվում են և կապը, և էլեկտրացանցերը, և ճանապարհները, և երկաթգիծը, և ատոմակայանը, և ամենակարևորը՝ Հայաստանի գազաբաշխման ցանցը, որի հետևանքով Հայաստանը այսօր զրկված է ինքնուրույն որևէ լուրջ որոշում ընդունելու հնարավորությունից: Բոլորս էլ լսել ենք, որ  նույն Իրանը մեզ գազ է առաջարկում 3 անգամ ավելի ցածր գնով, քան մենք գնում ենք Ռուսաստանից: Բայց մենք չենք կարող այդ առաջարկին արձագանքել, քանի որ ինչպես ասացի, Հայաստանում գազաբաշխիչ համակարգը պատկանում է Ռուսաստանին, և մենք ստիպված ենք միմիայն Ռուսաստանից գնել գազը և միայն այն գներով, որը մեզ Մոսկվան կթելադրի: Այլընտրանք մենք, պարզապես, չունենք: Ռուսաստանն ապահովում է նաև Հայաստանի սահմանների անվտանգությունը: Բոլորս ականատես ենք այդ իր կատարած աշխատանքին, որն այսօր բերել է այս ծանր իրավիճակին: Եթե խոսում ենք ռազմական համագործակցության մասին, ապա հարկ է նաև նշել, թե այն զենքը, որը մենք տարիներ շարունակ գնում ու գնում էինք Ռուսաստանից, և այդ զենքի դիմաց, որն իրականում երկաթյա թափոն դարձավ, մենք վճարում էինք մեր գույքով, մեր հայրերի, պապերի ստեղծած գործարաններով, ցանցերով, Հայաստանի կարևորագույն օբյեկտներով: Հույս եմ փայփայում, որ Ռոբերտ Քոչարյանն իր արածների դիմաց կստանա քրեական արձագանք Հայաստանի կողմից: Բայց այսօր ինքն իր դաշինքով մասնակցում է այս նախընտրական արշավին և պետք է ասեմ, որ ես մտավախություն ունեմ, որ նա կարող է մտնել խորհրդարան՝ օգտագործելով իր ֆինանսական, վարչական, մեդիա ռեսուրսները, որն իր ձեռքի տակ ունի: Իսկ Հայաստանցիներին մնում է միայն այդ ընտրությունը կատարել և փորձել հասկանալ՝ ով է Հայաստանի իրականա ապագան և ով է Հայաստանի գորշ անցյալը: