Մարդիկ քվեարկում են հավատով և ոչ ըստ ծրագրի․ 30 տարի ասել են մի բան, արել՝ բոլորովին այլ բան ու չեն ենթարկվել պատասխանատվության

Մարդիկ քվեարկում են հավատով և ոչ ըստ ծրագրի․ 30 տարի ասել են մի բան, արել՝ բոլորովին այլ բան ու չեն ենթարկվել պատասխանատվության

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցող արտահերթ ընտրությունները ոչ ստանդարտ պայմաններում են տեղի ունենում՝ առկա մթնոլորտը նորմալ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բադալյանն ընդգծեց․ «Այստեղ խորհրդարանը չի ձևավորվում այնպես, ինչպես Եվրոպայում՝ ժողովրդավարական երկրներում։ Պետք է հաշվի առնենք, որ կապիտուլյացիոն համաձայնագրից 7 ամիս է անցել։ Երկիրը տուրբուլենտային իրավիճակում է ու դա իր մեծ ազդեցությունն է թողնում ընտրարշավի որակի վրա։ Երբ ընտրությունները տեղի են ունենում խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, ապա պարտվող ու հաղթող ուժերին չի սպասվում այն ճակատագիրը, որը կարող է լինել Հայաստանում հունիսի 20-ի ընտրություններից հետո։ Տեղի է ունեցել պատերազմ, Հայաստանը կապիտուլյացիա է կնքել, իշխանական պարտության դեպքում քննական գործընթաց կսկսվի, թե իշխանություններն ինչ դերակատարություն են ունեցել այդ պատերազմում։ Վարչապետի հիմնական մրցակիցն ասել է, որ տեղի է ունենալու քննություն և ոչ վենդետա։ Դրա արդյունքում շատերը կարող են հայտնվել բանտում։ Մի բան, որը եվրոպական երկրներում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի չի ունենում»։ Պատճառն ըստ մեր զրուցակցի այն է, որ այնտեղ իշխում է ծրագրային գաղափարական մոտեցումները, իսկ Հայաստանում այդ կոմպոնենտը չի շեշտվում․ «Դա չի նշանակում, որ ծրագրային որևէ կետ չկա։ Վարչապետը ծրագիր առաջարկեց։ Նա ասաց, որ եթե մնա իշխանության գլխին՝ պետական ապարատը ջարդուփշուր է անելու, վենդետա է անելու, սեփականատերերը խնդիրներ են ունենալու։ Երկրորդ նախագահն էլ փակ դահլիճներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ պատասխանում է քաղաքացիների հարցերին՝ ներկայացնելով իր ծրագրերը։ Դա անում են նաև մյուս ուժերը, բայց հաշվի առնելով կարճ ժամկետը՝ 12 օրը, այստեղ գաղափարա-քաղաքական ծրագրային կոմպոնենտը էական դերակատարություն չի ունենալու»։ Բադալյանի խոսքերով՝ այնպես չէ, որ ընտրողն ըստ ծրագրի ու գաղափարի չի առաջնորդվում․ «Վարչապետը տարբեր համայնքներում իր ելույթների ժամանակ անդրադառնում է իր ծրագրերին։ Դա անում են նաև նախկին նախագահները։ Ծրագրերը ընտրությունների ժամանակ մեծ դերակատարություն չունեն, որովհետև Հայաստանում շատերն են տեսել, որ ծրագրով կարող է մի բան ասես, բայց այլ բան անես։ Եվրոպական երկրներում այդպես չէ։ Հայաստանում 30 տարի մի բան ասել են, այլ բան արել, բայց դրա պատճառով որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Քաղաքացիները հասկացել են, որ ծրագրերին մեծ նշանակություն տալ պետք չէ։Ավելի մեծ նշանակություն է ունենալու հավատը։ Մարդիկ քվեարկում են այն մարդուն, ով համապատասխանում է իրենց ակնկալիքներին։ Ծրագիրն էլ՝ այնքանով, որքանով։Սա վերաբերում է անխտիր բոլոր թեկնածուներին; Մարդիկ քվեարկում են հավատով, որ տվյալ մարդն է իրենց հուզող խնդիրները լուծելու»։