Ռուսական համակարգի պայքարը Հայաստանում

Ռուսական համակարգի պայքարը Հայաստանում

2008 թվականից հետո ես որևէ առնչություն չեմ ունեցել իշխանությանը, իսկ 2009-2018 թվականներին անգամ որևէ շփում չեմ ունեցել, հայտարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան քաղաքացիների այն արտահայտությունների, որ ի դեմս իրենց վերադառնում է կամ վերադարձի հայտ է ներկայացնում նախկին համակարգը իր բարքերով: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքն ու իր ընտանիքը այդ բարքերի մասնակից չեն եղել, միաժամանակ ընդունելով, որ հենց դրանք են առաջ բերել հասարակության մոտ հեղափոխություն անելու և համակարգից ազատվելու արդարացի ձգտում: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն «բարքերի» համար պատասխանատվությունը դնում է Սերժ Սարգսյանի, նրա նախագահության տասնամյակի վրա, ընտանիքի առումով ակնարկելով թերևս նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանի այդ բավականին թափանցիկ թիրախավորումը հաջորդում է Արթուր Վանեցյանի մոսկովյան գործուղմանը, որն անկասկած ուներ նպատակ ոչ միայն աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ի վերջո այդ առումով Ռոբերտ Քոչարյանը աշխատում է թերևս լավագույնս, այլ աշխատել հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ, կամ առնվազն մրցակցել Քոչարյանի հետ: Դրանից հետո երկրորդ նախագահը գործնականում վերստին հիշեցնում է իր դիրքորոշումը, որ հեղափոխության համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը, ու չի բացառվում, որ նա այդ դիրքորոշումը հիշեցնում է նաև Մոսկվայի ականջի համար: Միևնույն ժամանակ, սրանով հանդերձ, թերևս ավելորդ չէ դիտարկել իրադրության մյուս կողմը՝ ոչ միայն հայկական քաղաքական ուժերն են պայքարում Մոսկվայի համակրանքի համար՝ Հայաստանում հաջողության հասնելու ակնկալիքով, այլ Հայաստանում պայքարում են Ռուսաստանի տարբեր տջնտեսա-քաղաքական և ուժային խմբեր, խոշոր հաշվով Ռուսաստանում իրենց քաղաքական դիրքերի համար: Բանն այն է, որ Հայաստանն այդ իմաստով նշանակալի գործոն է ՌԴ համար, մի շարք քաղաքական, հոգեբանական, ռազմա-քաղաքական ասպեկտների բերումով: Հայ-ռուսական հարաբերության բնույթը, հայ-ռուսական հարաբերության ընթացքը բախտորոշ է ոչ միայն հայկական քաղաքականության ու պետականության համար, այլևս ռուսական: Սա բոլորովին նորություն չէ և բոլորովին զարմանալի չէ: Իշխանության խնդիրը այսօր սրությամբ դրված է նաև Ռուսաստանում, և ըստ էության լայն իմաստով շատ ավելի մեծ սրությամբ, հաշվի առնելով համաշխարհային կյանքում ՌԴ դերակատարության մասշտաբներն ու դրանով պայմանավորված էլիտաների տնտեսա-քաղաքական շահերի մասշտաբները: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխման որևէ հեռանկար կարող է իր հերթին էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի ներսում իշխանության խնդրին առնչվող զարգացումների վրա: Այդ իմաստով, Հայաստանում թե հեղափոխությունից հետո, թե հետպատերազմյան ժամանակաշրջանում առավել ևս, ընթանում է ոչ միայն, և գուցե ոչ այնքան Հայաստանի նախկին համակարգի պայքարը վերադարձի համար, որքան ՌԴ գործող համակարգի ինքնապահպանման պայքարը: