Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր գործոն կարող է լինել, թե որ ուժը կհաղթի ընտրություններում

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր գործոն կարող է լինել, թե որ ուժը կհաղթի ընտրություններում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստան այցի շրջանակում հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնն ու նրա անունից վերհաստատել Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու ԱՄՆ պատրաստակամությունը: Ըստ էության, Փաշինյան-Ռիքեր հանդիպման այդ հանգամանքը հուշում է, որ մեծ հավանականությամբ Ռիքերը Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է կոնկրետ առաջարկների մասին, ակնկալելով Երևանի արձագանքը՝ «գործընկերությունը խորացնելու պատրաստակամությանը»։ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտության մասին։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Ռիքերի տարածաշրջանային այցը դիտարկելիս կարևոր է հաշվի առնել, թե երբ է այն տեղի ունենում․ «Հունիսի 16-ին նախատեսվում է  Բայդեն-Պուտին հանդիպում և բնականաբար Միացյալ Նահանգները կարիք ունի տարածաշրջանային տարբեր խնդիրների հետ կապված հստակեցնել իր մոտեցումները։ Բնականաբար Ռիքերի այցի հիմնական նպատակներից մեկը նաև դա էր։ Հայաստանում, Ռիքերն ունեցել է  մի շարք հանդիպումներ, որոնք նաև ընդգծում էին ամերիկյան կողմի առաջնահերթությունները։ Այս առումով բավականին կարևոր էր վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման շրջանակներում արված շեշտադրումները՝ թե՛ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և թե՛ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգները հստակ արձանագրում է, որ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, ինչը չափազանց կարևոր է․«Ընդ որում՝ Ռիքերը  նման շեշտադրում է արել նաև Բաքվում։ Բավական ուշագրավ  է, որ Ռիքերը նաև կարևորում է  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման անհրաժեշտությունը։ Ավելին՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային լարված իրավիճակին, Ռիքերը կարծես թե ակնարկեց, որ ստեղծված իրավիճակի հաղթահարումը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա Նարեկ Մինասյանի խոսքերով,  ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է նաև ընտրական գործընթացներին․«Եվ պատահական չէ նաև Ռիքերի այցն Արդարադատության նախարարություն։ Այդ այցով Ռիքերը մի կողմից  ընգծում էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շարունակակնության անհրաժեշտությունն ու այդ հարցում ԱՄՆ-ի աջակցության պատրաստակամությունը։ Մյուս կողմից կարևորվում էր ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»։ Քաղաքագետը հավելեց ՝Ռիքերի այցն ավելի շատ կապված էր Բայդեն-Պուտին հանդիպումով ու դրանից առաջ տարածաշրջանային տարբեր խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտությամբ․«Իհարկե Հայաստանում նախընտրական զարգացումների համատեքստում Միացյալ Նահանգները այս այցով հստակեցրեցին նաև ԱՄՆ-ի ակնկալիքները ընտրությունների որակի հետ կապված»։ Հարցրեցինք՝  ընտրություններից հետո, երբ կլինի հաստատված նոր իշխանություն, փոփոխություն ԱԳՆ-ում , կարո՞ղ ենք նոր օրակարգ սպասել նաև հայ-ամերիկյան հարաբերություններում․«Նախ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ում փոխվել է  վարչակազմ։ Եվ Բայդենի  վարչակազմը հակված է  առավել ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնել։ Պատահական չէ, որ Սպիտակ տանը հայտարարում են, որ արտաքին քաղաքականության ոլորտում առաջնորդվում են «America is back» կարգախոսով։ Իհարկե Միացյալ Նահանգները որոշակի վերանայումներ է իրականացնում նաև Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների և տարբեր խնդիրների հետ կապված իր դիրքորոշումներում։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա բավականին կարևոր գործոն  կարող է լինել, թե որ քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում ու ինչ տեսլական կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Եթե այդ ուղղությունը կարևորվի հաղթած ուժի կողմից, ապա բնականաբար Միացյալ Նահանգների հետ կարող է բացվել հարաբերությունների զարգացման որոշակի հնարավորությունների պատուհան»։