«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը

«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով: Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում: Այս գործընկերները կարևոր դեր են կատարում տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստերի ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, «Ֆեյսբուքը» նախազգուշական նշան է կցում բովանդակությանը և նշանակալիորեն նվազեցնում դրա տարածումը: Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող, էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը ևս կկրճատվի և նրանք կզրկվեն գովազդի և մոնետիզացիայի հնարավորությունից: «Ֆեյսբուքի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, որոշել են ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում: