Շուշին, Ռուսաստանի հիմնարար շահը և ԱԺ արտահերթ ընտրությունները

Շուշին, Ռուսաստանի հիմնարար շահը և ԱԺ արտահերթ ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունը չունի ներքին քաղաքականություն: Այստեղ խոսքը այն մասին չէ, որ ներքին քաղաքական կյանքը վերածվել է անբովանդակ և ցածրաճաշակ թատրոնի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը չունի ներքին քաղաքականություն ինքնին, չի կարող ունենալ, որովհետև Հայաստանի քաղաքական տրամաչափը թույլ չի տալիս այդ առումով հասնել ինքնաբավության այնպիսի մակարդակի, երբ ներքին քաղաքականությունը զգալիորեն կարող է զանազանվել արտաքին գործոններից և բալանսավորվել փոխկապակցվածության, պատճառահետևանքային կապի, փոխազդեցության տեսանկյունից: Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ահռելի է արտաքին միջավայրի, իրողությունների, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմաքաղաքական իրողությունների ազդեցությունը, և չնկատել դա նշանակում է լինել քաղաքականապես կույր կամ քաղաքականապես անմեղսունակ, ինչը հավասարապես վտանգավոր է հայկական պետականության ճակատագրի տեսանկյունից: Ըստ այդմ՝ առաջիկա խորհրդարանի ընտրության մասնակից ուժերի չափման տեսանկյունից հանրության համար թերևս կա շոշափելի մի ինդիկատոր՝ որքանով են այդ ուժերը անդրադառնում արտաքին քաղաքական խնդիրների, Հայաստանի համար ռազմաքաղաքական, անվտանգային մարտահրավերների և հնարավորությունների հարաբերակցությանը, բնույթին, բովանդակությանն ու սցենարային հնարավոր ուղղություններին, որքանով են նրանք հանրության համար մատչելի բանաձևելու այդ ամենի փոխկապակցվածությունը Հայաստանի ներքին խնդիրների, ներքին տիրույթում անելիքների, ռեֆորմացիոն քաղաքականության հեռանկարների ու մարտահրավերների հետ: Առերևույթ տարօրինակ կամ տարակուսելի է հնչում, երբ որևէ կերպ Հայաստանի ներքին ռեֆորմացիայի խնդիրը շաղկապվում է արտաքին իրողությունների և մարտահրավերների հետ: Այդպիսի դեպքերում հնչում է հարցը, թե ինչ կապ ունի Ռուսաստանը կամ Ամերիկան, կամ որևէ այլ երկիր, եթե մենք մեր ներքին կյանքում չենք կարողանում իրականացնել այս կամ այն ծրագիրը, ռեֆորմները և այլն: Ընդ որում, հարցադրումները հնչում են տրամաբանական: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ներքին որակները ունեն աշխարհաքաղաքական նշանակություն արտաքին խաղացողների, մասնավորապես կովկասյան ռեգիոնում գործնականում բացառապես Հայաստանի հաշվին իր դիրքերը պահպանող Ռուսաստանի համար: Ըստ այդմ՝ Ռուսաստանի համար Հայաստանի ներքին համակեցության ռեժիմի փոփոխության խնդիրը դառնում է անվտանգային խնդիր, որովհետև այդ որակների փոփոխությունը արդյունավետ և բովանդակային հունով ընթանալու դեպքում կարող է նվազեցնել Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից: Դա էլ իր հերթին կնշանակի, որ Ռուսաստանի համար կառաջանա Կովկասում դիրքերի կորստի էական վտանգ: «Նրանք, ովքեր կկազմակերպեն Ռուսաստանի անվտանգության հիմնարար շահերին սպառնացող սադրանք, կզղջան իրենց արարքների համար», հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, Պետդումայի Դաշնային Խորհրդի առաջ ամենամյա ուղերձը ընթերցելիս: Պուտինի այդ միտքը արտահայտվել է Արևմուտքի հետ հարաբերության համատեքստում, որտեղ նա հերթական անգամ արել է կոշտ արտահայտություններ: Այդուհանդերձ, ՌԴ նախագահի հայտարարությունը հարց է առաջացնում Արցախի դեմ տեղի ունեցած պատերազմի առնչությամբ: Ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանը՝ այդ պատերազմը ՌԴ հիմնարար շահերի դե՞մ էր, թե՞ դրանց օգտին: Թուրքիան և Ադրբեջանը զղջալո՞ւ են, որ սադրանք են կատարել Ռուսաստանի հիմնարար շահերի նկատմամբ, ինչի հետևանքը եղել է այն, որ Արաքս գետի ափով գծված կովկասյան ռուս-թուրքական սահմանը ներկայումս անցնում է արդեն Շուշիով: Թե՞ Ռուսաստանի հիմնարար շահերն էին պահանջում, որպեսզի Արաքսի հովիտը և Շուշին հանձնվեն Թուրքիային, եթե դրա դիմաց էլ Թուրքիան Ռուսաստանի համար ապահովում էր ռազմական ներկայություն Արցախի այսպես ասած հյուսիսային հատվածում: Սրանք համենայն դեպս հարցեր են, որոնք իհարկե առաջանում են ամենևին ոչ ՌԴ նախագահի ուղերձից, դրանք կան վաղուց, ընդ որում տարիներ ի վեր՝ խորքային տրամաբանության առումով, և մասնավորապես՝ Արցախի դեմ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այս հարցերը հասկանալը հայ ժողովրդի համար շատ կարևոր է, որպեսզի հայկական պետականության անվտանգային համակարգն ու ռազմավարությունը գծագրվի, մշակվի համարժեք բովանդակությամբ և սցենարներով, համարժեք գնահատումով, և համարժեք լինեն հայկական պետականության անվտանգային նոր համակարգի լուծումները: Որովհետև, գուցե Հայաստա՞նն է թավշյա հեղափոխությամբ «սադրանք» կատարել ՌԴ հիմնարար շահերի հանդեպ և զղջացել դրա համար: Համենայն դեպս, պետք է հասկանալ, ու նաև հասկանալ միմյանց՝ Հայաստան-Ռուսաստան տիրույթում: Որովհետև, եթե Ռուսաստանում պատկերացնում են, թե Հայաստանի շահը հանձնելը օգնելու է պահել Ռուսաստանի հիմնարար շահեր, ապա դա մեղմ ասած մոլորություն է, եթե իհարկե Ռուսաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական վերնախավի համար կարևոր է Ռուսաստանի շահը, այլ ոչ նաև դրա հաշվին տնօրինվող տասնյակ և հարյուրավոր միլիարդները: Հայաստանից հնարավոր հավաստիացումները, որ արդիական, որակապես ժամանակակից Հայաստան պետությունը Ռուսաստանի համար կլինի առավել արժեքավոր գործընկեր, այդ երկրում պարզապես չեն ստանում համարժեք ընկալում: Սրա պատճառները խորքային են, սակայն այդպիսին է իրողությունը: Հետևաբար Հայաստանի արդիականացման որևէ լուրջ գործընթաց բախվելու է Ռուսաստանի մեծապետական դիմադրությանը: Ռուսաստանը Հայաստանի արդիականացումը դիտում է որպես իրեն նետված աշխարհաքաղաքական մարտահրավեր: Այստեղ առաջանում է բարդ փակուղի, գրեթե անելանելի վիճակ: Ըստ այդմ՝ այստեղ է հայաստանյան իրական քաղաքականության անելիքը, որովհետև այդտեղից դուրս որևէ լուրջ անելիքի մասին խոսակցությունը չի կարող ունենալ խորքային լրջություն՝ այնքանով, որքանով չի կարող խորքային լրջություն ունենալ որևէ խնդրի լուծման մասին խոսակցություն, եթե անտեսվում է խնդրի պատճառը, աղբյուրը: Լուսանկարը՝ Photolure-ի