Մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ ուղերձ է հղել: «Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։ 76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։ Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու ավանդն ունեցան նացիստական ուժերին հաղթելու գործում։ Մեր նախնիների սխրանքների օրինակով տասնամյակներ անց մայիսյան նույն օրը հայ ժողովուրդը շարունակեց փառավոր հաղթանակների երթը։ Ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հայկական ուժերը կռեցին Արցախյան ազատամարտի հաղթանակների փառքի պսակը։ 2020թ․ Արցախյան 3-րդ պատերազմում, ավաղ, Շուշին ևս կորցրինք։ Մայիսյան տոնացույցը համալրեց ազգապահպան մեկ կարևոր տոն ևս. պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշպանության բանակը, և մայիսի 9-ը հռչակվեց որպես եռատոն: Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։ Հաղթանակի և խաղաղության տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների առհավատչյան է։ Գլուխ ենք խոնարհում մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան 3 պատերազմներում հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առջև։ Թո’ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։ Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան: Նախօրեին ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացած ժամերգությանը, որից հետո խորհրդարանականները միացել են մայիսի 9-ին ընդառաջ կազմակերպված խաչերթին»։