Ինչքան մեծանում է նախկինների գրոհը, այնքան աճում է հասարակության ատելությունը նրանց հանդեպ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրայնացված առաջարկը  ենթարկվեց տարբեր մեկնաբանությունների և դրա մոտիվն ու բնույթը ունեցավ տարբեր գնահատականներ: Հանրագումարում սակայն, թերևս արժե արձանագրել առանցքայինը: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է այն, որ Հայաստանի պետական զարգացումը ունի քաղաքական սերնդափոխության էական անհրաժեշտություն: Իհարկե այդ սերնդափոխությունը չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն չունենա ֆիզիկական բնույթ, որովհետև զուտ ֆիզիկական տրամաբանությամբ սերնդափոխություն տեղի է ունենում նաև այսպես ասած երեք նախագահների եռանկյունու շրջանակում էլ, ու դա տեղի է ունենում անգամ թավշյա հեղափոխությունից առաջ էլ: Ամբողջ հարցն այն է, որ այդ սերնդափոխությունը տեղի է ունենում եռանկյունու բովանդակային պատկերով ու նմանությամբ: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է բովանդակային սերնդափոխություն, որը կբերի նոր քաղաքական դաս ոչ միայն ֆիզիկական, այլ գաղափարական, բովանդակային, արժեհամակարգային իմաստով, որը կձևակերպի հայկական պետականության ներկայի ու ապագայի թե քաղաքական ճանապարհային քարտեզի ողնաշարը, թե նաև ռազմավարական նպատակները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ: