Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի եւ Սիմիդյանի աշխատանքային ոճը կտրուկ փոխվել է․ «Ժողովուրդ»

Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի եւ Սիմիդյանի աշխատանքային ոճը կտրուկ փոխվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ: Բանն այն է, որ մինչեւ այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է: Հանգստյան օրերին Մակունցն ընդհանրապես տեսադաշտից անհետանում է, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանին, ապա վերջինս միշտ կառավարել է խմբակցության հետ կապված բոլոր հարցերը, քվեարկություններից առաջ բոլորին sms-ներ է գրել դահլիճ գալու ու ինչպես քվեարկելու համար, իսկ հիմա պասիվացել է կամ չկա: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ եթե ինչ-որ հարցով պատգամավորները դիմում են խմբակցության քարտուղարին, նա հայտարարում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ «ոչ մի թեմայի մեջ չկամ» ձեւակերպմամբ: Ըստ խմբակցության պատգամավորների մի հատվածի՝ Մակունցի պահվածքը կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ, քանի որ վերջինս ամռանը կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, բայց անհասկանալի է մնում Սիմիդյանի պասիվ կեցվածքը: Կարծիք կա, որ վերջինս ինչ-որ պաշտոնի է ձգտում, ու խորհրդարանն իրեն այլեւս չի հետաքրքրում»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։