«Նո քոմենթ». ԱԺԲ-ում տեղյակ չեն՝ իրենք համագումար արե՞լ են, թե՞ ոչ

«Նո քոմենթ». ԱԺԲ-ում տեղյակ չեն՝ իրենք համագումար արե՞լ են, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ «Ազգային ժողովրդական բևեռը», որը մինչև այժմ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների միավորում էր, կդառնա կուսակցություն, ինչը նշանակում է, որ «Սասնա ծռեր» կուսակցության, Հայաստանի եվրոպական կուսակցության և այլ հասարակական ուժերի միավորման արդյունքում կստեղծվի մեկ կուսակցություն»: Կուսակցության հիմնադիր համագումարը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին: Սակայն պարզվում է, որ Ազգային ժողովրդական բևեռի մասնակից ուժերից ոմանք տեղյակ չեն՝ արդյոք եղել է համագումար, թե ոչ, և ովքեր են դրան մասնակցել: Մասնավորապես, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից, որը ևս բևեռի անդամ է, «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել՝ եղե՞լ է համագումարը, թե ոչ։ «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, ներկա չէի: Կա նախագիծ, որ Ազգային ժողովրդական բևեռը ստեղծում է մի կառույց, կուսակցություն, որ կարողանա ընտրությունների շեմի հետ կապված խոչընդոտ հաղթահարել։ Մենք՝ որպես Եվրոպական կուսակցություն, մասնակցում ենք ժողովրդավարական բևեռին, Սասնա ծռերը որոշել են գրանցել Ազգային ժողովրդական բևեռի խորհուրդը»,-ասաց նա: Բևեռի անդամներից Արմենակ Կյուրեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է համագումարը, բայց այլ մանրամասներ չհաղորդեց։ «Սասնա ծռերից» Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ չի կարող պատասխանել՝ համագումար եղել է, թե ոչ: Կարո Եղնուկյանը նույնպես տեղյակ չէր՝ տեղի ունեցե՞լ էր հիմնադիր  համագումարը, թե ոչ, քանի որ Հայաստանում չէ։ Ժիրայր Սեֆիլյանը չպատասխանեց զանգերին, իսկ երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշեց՝ «Նո քոմենթ: Ակտիվի հանդիպում է եղել, ես մի մասին եմ ներկա եղել։ Իսկ մնացածը՝ նո քոմենթ»: