Այս երկրում միակ մարդը, որ փորձել է Սյունիքը տալ՝ Քոչարյանն է․ նա «քերել» է մեր երկիրը

Վարչապետ Փաշինյանի Սյունիք այցը դարձյալ ուղեկցվել է մարզում  կազմակերպված բողոքի ակցիաներով: Հիշենք, որ դեռևս նախորդ տարի Փաշինյանի այցի փորձը ձախողվեց, որովհետև բողոքի ակցիայով փակվել էր ճանապարհը և Սիսիան հասած վարչապետը հանդիպեց տեղի բնակչության հետ ու վերադարձավ Երևան: Այժմ Նիկոլ Փաշինյանը այց է կատարել այսպես ասած անսպասելի, թեև այցի շարունակությունն ուղեկցվել է արդեն կազմակերպված բողոքի ակցիաներով: Այն, որ սյունեցիները ծանր պատերազմից հետո փոխված իրավիճակում ունեն Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքական մեծամասնությունից ոչ միայն դժգոհության հիմնավոր պատճառներ, այլ պարզապես անվտանգային մտահոգության հիմքեր, անկասկած է: Բայց, արդյո՞ք բողոքի ակցիաները արտահայտում են այդ ամենը, թե՞ այդ հիմքերի առկայությունը պարզապես խաղարկվում է քաղաքական խմբային նպատակների համար, որոնք որևէ կապ չունեն Սյունիքի անվտանգության հետ: Այս հարցը մեղմ ասած բաց է, եթե իհարկե բաց ու ակնառու չէ հենց քաղաքական կամ ներքաղաքական բաղադրիչը: Բայց, ամբողջ հարցն այստեղ Սյունիքն է ու անվտանգությունը, Սյունիքի ճակատագիրը: Թեև, այդ հարցն անգամ ամբողջական և թերևս ճշգրիտ չէ, որովհետև մենք չունենք իրավունք Հայաստանի ճակատագիրը բաժանել Սյունիքի, Արցախի, Կոտայքի, Տավուշի կամ Արմավիրի, կամ որևէ այլ մարզի առանձին ճակատագրի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի, «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Սամվել Պողոսյանի և Հայ Կառուցողական կուսակցության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ: