Որպես ռազմավարական դաշնակից, ՌԴ-ն կարևոր դեր ունի ՀՀ սահմանների պաշտպանության մեջ. Արմեն Գրիգորյան

Որպես ռազմավարական դաշնակից, ՌԴ-ն կարևոր դեր ունի ՀՀ սահմանների պաշտպանության մեջ. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ որպես ռազմավարական դաշնակից, Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում: Գրիգորյանն այս մասին ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ապա Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի և մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ուժեղացման ոլորտում»,- ասել է Գրիգորյանը: Անդրադառնալով Ռուսաստանի հետ նոր ռազմական, դաշնակցային պայմանագրերի ստորագրման հավանականությանը, Գրիգորյանը նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել, երբ առկա պայմանագրերի իրագործումը հանդիպի խոչընդոտների: «Կարծում եմ տեղյակ եք, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային-փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՀՀ-ՌԴ երկկողմ իրավապայմանագրային բազայի վրա, որոնք լայն համագործակցության հնարավորություն են տալիս։ Մինչ այժմ մենք որևէ փաստաթղթային սահմանափակման չենք հանդիպել, որը կարող էր խոչընդոտ լինել մեր համատեղ ծրագրերն իրականացնելու համար։ Եթե, հանկարծ, հանդիպենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք նաև հավելյալ պայմանագրերի ստորագրման կամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը»,- նշել է Արմեն Գրիգորյանը: