ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտությունը վերջնական լուծված չի համարում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտությունը վերջնական լուծված չի համարում

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծված չի համարում: Այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը: «Մինչ խաղաղության պայմանագրի մասին խոսելը պետք է արձանագրել մի պարզ իրողություն. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծված չէ: Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով: 2020 թվականի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի` Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը: Գոյություն ունեն տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց կոմպոնենտներ, որոնց վրա էլ պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ում վերջին համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին լավ հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա»,- նշել է Գրիգորյանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ալիևը ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ իրողությունը, բայց նաև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովրդների միջև: «Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարի պուրակ», ցնորական հայտարարություններ է անում Զանգեզուրի վերաբերյալ, ոչնչացնում է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է ԱԽ քարտուղարը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում կցուցաբերի, ռացիոնալ քայլեր կձեռնարկի և պատրաստ կլինի կառուցողական երկխոսություն վարել, այն ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։