Բայդենը կիջեցնի՞ թուրը. Արցախի ճանաչման հրամայականը

Բայդենը կիջեցնի՞ թուրը. Արցախի ճանաչման հրամայականը

Դատելով ամերիկյան մամուլի արձագանքներից, մեծ է հավանականությունը, որ վաղը՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուղերձում կօգտագործի Ցեղասպանություն բառը, այդպիսին որակելով 1915 թվականի իրադարձությունները կամ այլ կերպ ասած՝ հայերի ցեղասպանությունը կոչելով իր տերմինով: Իսկ այդ տերմինը միջազգայնորեն իրավական ուժ  ստացած տերմին է, որի համար կա պատասխանատվության իրավական հանգամանք: Ըստ այդմ, այս օրերին, երբ խոսվում է ԱՄՆ ճանաչման հավանականության մասին, շատերն են հարց տալիս, թե ինչ է դա նշանակելու, ինչ է տալու մեզ՝ հայերիս, Հայաստանին, եթե խոսենք առարկայական դաշտում: Պետք է թերևս ասել միանգամից՝ Հայաստանին ու հայերին առարկայական դաշտում կարճաժամկետ հատվածում թերևս չի տալու ոչինչ, կամ համենայնդեպս չի տալու կորուսյալ հայրենիք կամ հսկայական փոխհատուցում դրա համար: Ընդհանրապես, երբ խոսում ենք փոխհատուցման խնդիրների մասին, պետ է պատկերացնենք, որ դա չափազանց բարդ ու ժամանակատար գործընթաց է: Այստեղ հաճախ է համեմատություն արվում հրեական Հոլոքոսթի հետ, որի համար Գերմանիան տարիներ շարունակ հսկայական փոխհատուցում էր վճարում Իսրայել պետությանը՝ դրամական և նյութական: Այդ համեմատությունը կամ օրինակը, սակայն տեղին չէ, որովհետև Գերմանիան պարտված, ջախջախված պետություն էր, որին պարտադրվեց շատ բան, այդ թվում և փոխհատուցումը: Այստեղ բոլորովին այլ էր, նաև աշխարհաքաղաքական իրավիճակն ունի համատեքստը: Թուրքիայի պարագայում գործ ունենք ոչ միայն չպարտված, չջախջախված պետության հետ, այլ ըստ էության նույնիսկ կարծես թե «ձիու վրա գտնվողի»  հետ: Մյուս կողմից սակայն, այստեղ էլ առանցքայինն այն է, որ Թուրքիան արևմտյան աշխարհում մի կողմից դիտարկվելով «անառակ որդի» կամ «ապստամբ»՝ իր էրդողանյան խուլիգանական կամ կայսերական վարքագծով, այդուհանդերձ նաև դիտվում է պուտինյան վարքագծի և հավակնությունների դեմ կանգնած առաջնագիծ գործիք, որով Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու էական տարբերակներից մեկը: Ահա այս համատեքստում է նաև, որ ԱՄՆ օրակարգում առաջանում է ցեղասպանության ճանաչման հարց՝ բարձր հավանականությամբ: ԱՄՆ-ը ունի խնդիր Թոււրքիան պահել ազդեցության գոտում, թույլ չտալ, որպեսզի Էրդողանը հասնի «անկառավարելի ինքնուրույնության»: Այստեղ ահա հայկական հարցը ըստ էության ավելի է մոտեցվում Անկարայի գլխին: Բանն այն է, որ հաջորդ փուլն արդեն կարող է լինել ԱՄՆ ճանաչման իրավական կատեգորիա, երբ զուտ քաղաքական ակտի մակարդակից, Նահանգները կանցնի իրավական հետևանք ենթադրող ճանաչման, երբ ԱՄՆ ազգությամբ հայ հազարավոր քաղաքացիներ օրինակ, կամ հարյուր հազարավոր, կարող են զանազան գործընթացներ նախաձեռնել Թուրքիայի դեմ: Սա կարող է իսկական գլխացավանք և յուրօրինակ պատժամիջոց դառնալ Անկարայի համար: Կամ, էապես մոտեցնելով ցեղասպանության ճանաչման հարցը, ԱՄՆ վարչակազմը այսօր կարող է Թուրքիայից ստանալ որոշակի երաշխիքներ «ենթակայության» առնչությամբ, այդպիսով առկախելով ճանաչումը հերթական անգամ: Ինչ խոսք, միամտություն կլինի խնդիրը դիտարկել պատճառահետևանքային կամ մոտիվացիոն միայն այս շրջանակում, քանի որ գործոնները իսկապես բազմազան են ու բարդ: Այդ համատեքստում, Հայաստանի համար բոլոր դեպքերում ողջունելի է, եթե ԱՄՆ նախագահը հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բարձրացնի նոր մակարդակի: Սա Հայաստանի համար քաղաքական կարողությունների և ճկունության ընդլայնման հնարավորություն է: Միևնույն ժամանակ սակայն, մի բան թերևս առավել կարևոր է՝ հայկական պետական շահն ու անվտանգությունն այսօր պահանջում է ուժերը կենտրոնացնել մեկ այլ ճանաչման՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Այստեղ խնդիրը անմիջականորեն առնչվում է հայկական պետականության ու անվտանգության հրամայականին, անմիջականորեն «մոտ է մեր մաշկին»: Ըստ այդմ, կճանաչի ԱՄՆ նախագահը, թե ոչ, այստեղ մեզ պետք չէ թե անհարկի ոգևորություն, թե անհարկի հիասթափություն: Հայաստանը ԱՄՆ և մնացյալ աշխարհի հետ պետք է առանցքային աշխատանքը կառուցի Արցախի ճանաչման օրակարգի շուրջ՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցադրման անքակտելիությամբ: Այդ հարցի շուրջ պետք է մոբիլիզացնել համահայկական ռեսուրսը: