Պոլիտեխնիկի ռեկտորի հարցը շուտով կորոշվի

Չեմ ուզում առաջ ընկնել, մոտ օրերս կլինի որոշումը, ամեն ինչ օրենքի ու օրինականության շրջանակներում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի նախարարը որոշել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում հաստատել Գոռ Վարդանյանի թեկնածությունը, թեև այդ ընտրությունների հետ կապված աղմուկ էր բարձրացել, հայտարարվում էր կեղծիքների առկայության մասին: Դիտարկմանը, որ ինքը հանձնարարել էր ուսումնասիրել, թե արդյոք այդ ընտրությունների ժամանակ եղել են կեղծիքներ, թե ով, ինչ է պարզվել, Դումանյանն ասաց. «Բնականաբար, եղել են դիմումներ, տարբեր կարծիքներ, այնտեղ ինչ-որ ընթացակարգային խնդիրներ կային: Ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրվում է: Եկեք այս թեման փակենք, քանի որ շուտով կլինի մեր վերջնական որոշումը: Եկեք հարգենք մեր պաշտոնական գործընթացները, չեմ ուզում նախապես ինչ-որ բաներ ասել»: