Պարսից ծոցից Սև ծով. Սյունիքը թիրախավորելու մյուս պատճառը

Պարսից ծոցից Սև ծով. Սյունիքը թիրախավորելու մյուս պատճառը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլի 19-ին Հայաստան կատարած այցին: Այցի ընթացքում Երևանում տեղի է ունեցել քննարկում, որը կապված է եղել Պարսից ծոց Սև Ծով միջանցքի նախաձեռնության հետ: Իրանցի պաշտոնյան մասնակցել է Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, որին հեռավար մասնակցել են նաև Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչները: Մոտ ապագայում նախատեսվում է միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, որը հավանաբար կլինի Բուլղարիայում: Այս տեղեկությունը մնացել է Հայաստանում ներքաղաքական կրքերի, մասնավորապես Սյունիքի շուրջ հայտնի զարգացումների աղմուկի տակ: Այն դեպքում, երբ այն ոչ միայն ինքնին գերկարևոր նշանակություն ունի ռեգիոնի և Հայաստանի համար, այլ գուցե նաև որոշակի բանալիներից մեկն է այն ամենի, ինչ ծավալում կամ սադրում են որոշ ուժեր Սյունիքի շուրջ: Հայաստանում տեղի ունեցած քննարկման ֆոնին կա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն: Այդ քննարկման ֆոնին է ոչ միայն Հայաստանի վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք, այլ դրա ֆոնին տեղի է ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը Սյունիք, որի ընթացքում նա հանդիպել է Սյունիքի թե մարզային, թե համայնքային ղեկավարների հետ, քննարկել զարգացման հարցեր, Սյունիքի տնտեսական հեռանկարներին ամերիկյան օժանդակության խնդիրներ: Առերևույթ, այդ այցը քիչ է ասոցացվում Պարսից ծոց Սև ծով միջանցքի գաղափարին, որ 2016 թվականից առաջ է քաշում Թեհրանը: Իրականում սակայն, այստեղ կա թերևս մի նրբություն: Թեհրանն ի վերջո հիանալի է պատկերացնում, որ այդ միջանցքի մի օղակը՝ Վրաստանը, որդեգրել է եվրաատլանտյան ինտեգրացիայի կուրս և դա թերևս անշրջելի է, համենայն դեպս ներկայիս ռացիոնալ դիտարկումների համատեքստում: Պատկերացնելով դա, Թեհրանն այդուհանդերձ խոսում է միջանցքի մասին և քննարկում հարցեր ՆԱՏՕ անդամ Հունաստանի, ԵՄ անդամ Բուլղարիայի հետ: Սրանք նշանային հանգամանքներ են, որոնք հակասում են մեզանում ձևավորված որոշակի կարծրատիպերի: Չնայած ներկայումս միջուկային ծրագրով ԱՄՆ հետ լարվածությանը, Թեհրանն այդուհանդերձ՝ մի կողմից սկսել է բանակցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ և Վիեննայում օրերս տեղի է ունեցել  բանակցության երկրորդ փուլը, մյուս կողմից լայն համատեքստում Իրանը դիտարկում է ռեգիոնալ բազմազան այլընտրանքների հնարավորությունը, որպես ողջախոհ պետություն: Իսկ Պարսից ծոց Սև ծով միջանցքը Իրանի համար այլընտրանքային ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հանգամանք է՝ Արևմուտքի հետ հարաբերության կարգավորման հեռանկարի համատեքստում: Եվ այժմ փորձենք պատկերացնել, թե ինչ դեր է ստանում Սյունիքը այդ համապատկերում: Հետևաբար բարդ չէ նաև պատկերացնելը, որ Սյունիքում Հայաստանի ինքնիշխան կառավարումը թիրախային է ոչ միայն թուրքական Մեծ Թուրանի ռազմավարության տրամաբանության բերումով: Սյունիքում հայկական ինքնիշխան կառավարումը չի բխում նաև Ռուսաստանի ներկայիս ղեկավարության շահից ու պատկերացումներից: Իհարկե դրանից չի բխում Սյունիքը թուրքերին թողնելը, բայց չի բխում նաև թողնելը ինքնիշխան Հայաստանին, որի հետևանքով կարող է իսկապես ձևավորվել շահերի հետաքրքիր համադրությամբ գծվող այլընտրանքային ռեգիոնալ միջանցք: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի