Զախարովայի հայտարարությունն անընդունելի է. Ռուսաստանը Հայաստանի շահերի հաշվին շարունակում է առևտուրը Ադրբեջանի հետ

Զախարովայի հայտարարությունն անընդունելի է. Ռուսաստանը Հայաստանի շահերի հաշվին շարունակում է առևտուրը Ադրբեջանի հետ

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ռևանշի հասնելու ձգտումներից ԼՂ հակամարտության հարցում, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի սրման: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք կոչ ենք անում կողմերին (Երևանին ու Բաքվին) զերծ մնալ ռևանշիզմի ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի սպառնալիքի տակ դնել»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պրակտիկ քայլերը պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ պետք է կարգավորվի նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հարցը: Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կիրագործեն «Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ.«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել էր նա։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն արձանագրում է՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը հավասարության նշան է դնում կողմերի միջև, փորձում պահել պարիտետը, մինչդեռ ակնհայտ է, թե ով է զբաղված ռևանշիստական, միլիտարիստական  հռետորաբանությամբ և ով է խաթարում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում.«Իսկ տիկին Զախարովան  պարզապես փորձում է միջազգային հանրությանը գցել թյուրիմացության մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Իսկ նպատակն, ըստ մեր զրուցակցի, հետևյալն է.«Տարածաշրջանը պահել սեփական վերահսկողության ներքո և այդ ընթացքում Հայաստանի հաշվին շարունակել առևտուրն Ադրբեջանի հետ։ Եթե մենք թույլ տանք՝ կստացվի, եթե չթողնենք՝ չի ստացվի։ Հայաստանը ջանքեր է գործադրում միջազգային հանրության հետ համատեղ ջանքեր ձևավորելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ քայլերը բավարար չեն։ Մեր դիվանագիտությունը շարունակում է մնալ ինչ-որ առումով պասիվ։ Եվ երկրորդ՝ Երևանից եկող ազդակները երկիմաստ են։ Երբ Ռուսաստանը մեզ շատ հարցերում խաբում է, մենք շարունակում ենք իրականացնել հայտնի վարսավիրի անեկդոտի պատմությունը՝ կտրած ականջը դնում ենք գրպանն ու ասում՝ պինդ պահի, քանի վարպետը չի տեսել»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյաննն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերոհիշյալ հայտարարություններին նշեց. « Զախարովան մոռանում է, որ Հայաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ ու երկրորդ՝ ՀԱՊԿ անդամ է։ Ադրբեջանն էլ այդուհանդերձ թուրքական աշխարհի մաս է, ինչքան էլ իրենք սիրեն։ Հետևաբար այդ հայտարարությունը իր ձևով ու բովանդակությամբ ընդունելի չէ»։ Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին այդ կոնֆլիկտը դուր է գալիս, եթե այդպես չլիներ՝  կլուծեին ու կվերջանար.«Հիմա իրենք Ղրիմի հարցով ինչ են ասում՝ ժողովուրդն ինքնորոշվել է և աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի դա  հաշվի չառնել։ Ասում են՝ եղել է  հանրաքվե։ Այդ բոլորը ճիշտ է նաև Արցախի հարցում՝ գումարած որ Արցախն էլ տաս անգամ հանրաքվե է արել։ Դաշնակցային հարաբերության ձևաչափը դա է պահանջում, մնացածը խաղ է թուրքերի հետ՝ կոնֆլիկտը պահելու համար։ Թող Դաղստանից մի  դիվիզիա մտցնեն՝ Ադրբեջանը կխաղաղվի»։ Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց.«Թող մի անգամ հիշեն, որ Ռուսաստանի կայացման  ու պաշտպանության մեջ հայությունն այնքան ներդրում ունի, որ աշխարհում ռուսներից հետո ոչ ոք չունի։ Լոռիս-Մելիքովն, ի վերջո, Ռուսաստանին է տվել առաջին Սահմանադրությունը՝ընդ որում  բավականին ժողովրդավարական»։