Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ այդքան փոխկապակցված չլիներ, միջազգային հանրության կողմից ընդդեմ Ադրբեջանի ավելի կոշտ դիրքորոշում կտեսնեինք

Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ այդքան փոխկապակցված չլիներ, միջազգային հանրության կողմից ընդդեմ Ադրբեջանի ավելի կոշտ դիրքորոշում կտեսնեինք

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների վերադարձի հարցը ներառելուն դեմ ու ձեռնպահ էին քվեարկել թուրք, ադրբեջանցի և ռուս պատվիրակները։ Ավելի ուշ ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից մեկը պարզապաբանել էր, իբրև թե տեխնիկական վրիպում է տեղի ունեցել։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանն արձանագրում է՝թեպետ ընդունվածը բանաձև չէ, հայտարարություն է, այն միանշանակ ի նպաստ Հայաստանի ու Արցախի է.«Բայց պետք էլ չէ գերագնահատել այդ հայտարարության իմաստը։ Դա այնքան էլ մեծ լծակ չէ՝ Ադրբեջանին ստիպելու վերադարձնել հայ ռազմագերիներին, բայց հավելյալ ճնշում է, որը հնարավոր է օգուտ տա։ Հնարավոր է՝ դրան հետևեն այլ գործընթացներ։ Այնպես որ՝ ընդունված հայտարարությունը  եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տա։ Մինչդեռ մեզ մոտ որոշ շրջանակներ նույնիսկ չէին ուզում, որ հարցը հասնի ԵԽԽՎ, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանն այդ հարցում պետք է մենաշնորհային դիրք ունենա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Վարդանյանի դիտարկմամբ՝ Եվրոպայում բյուրոկրատական գործընթացը բավականին երկար է տևում և շատ բան սպասել այս փուլում պետք չէ.«Եվրամիությունը և Եվրոպան առհասարակ գրեթե երբեք միանգամից կտրուկ քայլերի չեն գնում։ Ե՛ վ Թուրքիայի և՛ ժամանակին Ռուսաստանի մասով կամաց-կամաց էին գնում կոշտ քայլերի։ Նույն Թուրքիայի մասով մենք տեսանք, որ մի քանի անգամ եղան զգուշացումներ, հայտարարություններ, որ կգնան ավելի կոշտ  միջոցների։ Նույնը նաև Ռուսաստանի մասով՝ կամաց-կամաց սանկցիաները ավելացնում էին։ Եվրոպան քայլ առ քայլ է որևէ պետությանը փորձում ինչ-որ բան պարտադրել։ Այնպես որ՝ եթե մեր դիվանագիտությունը լավ աշխատի, ժամանակի ընթացքում հնարավոր են նաև այլ միջոցառումներ, որոնք ավելի կոշտ բնույթ կկրեն»։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ընդունված հայտարարությունը չափազանց կարևոր է.«Այն  Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերություններում ուղեցույց է։ Կարո՞ղ էինք հասնել ավելիին՝ իհարկե այո՛։ Գլխավոր խոչընդոտը կայանում է նրանում, որ Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքորոշման հարցում իրեն դրել է որոշակի կապանքների մեջ և համագործակցությունը Արևմուտքի հետ եռակողմ հայտարարության հարցերին վերաբերող ոլորտում Հայաստանի համար սահմանափակված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության առաջնայնություններով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ղուկասյանը դժվարացավ նշել՝ արդյոք մեր պատվիրակությունն իր աշխատանքում թերացել է, թե ոչ, սակայն ընդգծեց.«Ինձ համար ակնհայտ է, որ այն միջավայրը, որն այսօր ձևավորվում է եվրոպական պետությունների շրջանակում՝ հօգուտ Հայաստանի է։ Եթե Հայաստանը արտաքին քաղաքական հարցերում այդքան փոխկապակցված չլիներ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք կարող էինք ակնկալել ավելի կոշտ դիրքորոշում միջազգային հանրության կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։