Սյունիքում կատարվածը կազմակերպված էր Քոչարյանի կողմից․ Դա մինի ընտրության փորձարկում էր․ Գրիգոր Հարությունյան

Սյունիքում կատարվածը կազմակերպված էր Քոչարյանի կողմից․ Դա մինի ընտրության փորձարկում էր․ Գրիգոր Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը։ -Պարոն Հարությունյան, Սյունիքի դեպքերը շարունակվում են ակտիվորեն քննարկվել, դրանք նոր զարգացումներ են ստանում արդեն Երևանում, կրքերը չեն հանդարտվում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, շարունակո՞ւմ եք պնդել, որ դրանք կազմակերպված են։ -Նախ ասեմ, որ ապրիլի 21-ից, վարչապետի այցից հետո Մեղրու ժողովուրդը շոկի մեջ էր։ Կատարվածը չլսված բան էր, քանի որ մեղրեցին իր ինտելեկտով, մշակույթով ուրիշ կատեգորիայի ժողովուրդ են։ Ովքեր որ կազմակերպել էին այդ ամենը, նրանք մեղրեցիների թշնամիներն են։ Երկու օր է՝ մեղրեցիները դա են քննարկում ու շոկի մեջ են։ Եկել այն աստիճանի ենք հասել, որ ինչ-որ ագրեսիվ փոքրամասնություն եկել է Մեղրի և մեղրեցիներին ասում է՝ դուք թուրք եք, որ դուրս չեք գալիս Նիկլոլի դեմ։ -Ձեր կողմից նշված ագրեսիվ փոքրամասնությունը միայն մեղրեցինե՞ր էին, թե՞ այլ քաղաքացիներ էլ կային։ Լուսանկարում Երևանից գնացածների ևս տեսանք: -Հնարավոր է։ Այսօր ժողովուրդը արդեն խոսում էր, որ երեք օր առաջ իմացել են վարչապետի այցի մասին ու նախապատրաստվել են այդ այցին։ Քաջարանում, Գորիսում իմացել են նախապես այցի մասին ու նախապատրաստվել են դրան։ Իհարկե, ափսոսում եմ, որ նրանց մեջ մեղրեցի սովորական տղաների տեսա, որոնք ընկել էին հոսանքի տակ ու միացել էին այդ խմբին։ Բայց դա էլ գալիս է նրանից, որ իշխանությունը բաց է թողել անհրաժեշտ ժամանակը։ Առավոտից երեկո մի քանի լրատվամիջոց գրում են Մեղրիի, Մեղրիի միջանցքի, Սյունիքը հանձնելու մասին, ապատեղեկատվություն են տարածում ու դա հաջողությամբ ստացվում է նրանց մոտ։ Բայց մոռանում են, որ առաջին Մեղրին տվողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը 2000 թվականին ինտեսնիվ քայլեր էր անում, որ Մեղրին փոխանակեր Լաչինի հետ։ Դրա դեմն առեց Կարեն Դեմիրճյանը, քանի որ հասկանում էր, որ չէր կարելի նման բան անել։ Ստեղծված իրավիճակի հետ կապված մեղրեցիները հարցեր ունեին վարչապետին։ Թող թույլ տային, որ մարդիկ հանդիպեին վարչապետին ու իրենց հարցերը ուղղեին, պարզաբանումներ ստանային, հասկանային ինչ խոսակցություններ են շրջանառվում։ Մեղրեցիները բազմաթիվ հարցեր ունեին, հարցեր ունեին գազաֆիկացման հետ կապված, անվտանգային հարցեր ունեին, բայց դա հատուկ կազմակերպված էր, որ հանդիպում չլիներ ու իրենց ամիսներ շարունակ արված պրոպագանդան չտապալվեր։ Սա Քոչարյան Ռոբերտի, դաշնակների կողմից հատուկ կազմակերպված ակցիա էր։ Մենք բոլորս տեսնում ենք, թե մասնակիցները ովքեր են, ինչ են։ Ոնց կարելի էր նման հայհոյանքներ հնչեցնել։ Այսօր 6 տարեկանից սկսած բոլոր երեխաները համացանցում են, լսում են չէ այդ ամենը։ Սա պետք է դատապարտվի։ Այո, այդ դեպքերի հետ կապված կան ձերբակալություններ Սյունիքից, համայանքապետեր ու դա նորմալ է։ -Հիմա էլ ձերբակալություններն են շահարկվում։ Երևանում ակցիաներ են քննչական մարմինների, դատախազության դիմաց, երեկ անգամ բախումներ են եղել դատախազության դիմաց։ Չպե՞տք է խուլիգանական վարք դրսևորածները պատասխանատվության ենթարկվեն։ -Ես մի բան գիտեմ՝ վարչապետ լինի, նախկին պատգամավոր, համայնքապետ, թե սովորական քաղաքացի պետք է օրենքի առաջ հավասար լինեն։ Բայց այստեղ ես իշխանության մեղքը շատ եմ տեսնում։ Հեղափոխությունից հետո հայտարարաված թավիշը սպանեց այս ժողովրդին։ Թավիշ-թավիշ ասելով ունեցանք այսօրվա վիճակը։ Իսկ դրա արդյունքում Մեղրիում, Քաջարանում, Կապանում բդեշխություններ են ստեղծվել և ժողովրդին ուտում են։ Ժողովուրդը ստրուկի վիճակում է։ Կոմբինատի արտադրանքի, մոլիբդենի գները բարձրանում են, բայց ժողովրդի աշխատավարձը ոչ մի լումա չի բարձրացել։ Այսօր 3-4 անգամ ուռուցքով հիվանդները մեր մարզում ավելի շատ են, քան մնացած մարզերում։ Արդյունաբերությունը այսօր ոչնչացրել է ամեն ինչ, իսկ դրա ֆոնին մի քանիսը իշխաններ են դարձել։ Այսօր ոչ ոք չի հերքում, որ Քաջարանի կոմբինատի հիմնական սեփականատերը Քոչարյանն է ։ 132 միլիոնով Քաջարանի կոմբինատն են առել, մի բելազի գնով Ագարակի կոմբինատն են առել ու ժողովրդին ստրկացրել են, բայց եկեք մտեք ժողովրդի մեջ, տեսեք ժողովուրդը ոնց է դատապարտում նախօրեին կատարվածը։ Դա ամոթ էր մեղրեցու համար։ -Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով այդ ակցիայի բուն նպատակը ո՞րն էր։ Նրանք միայն ուզում էին Փաշինյանի մո՞ւտքը արգելել Սյունիք, թե՞ նաև քողարկված նպատակ, ենթատեքստ կար։ -Այդ գործողությունները քաղաքական նպատակներ ունեին։ Դա մինի ընտրություն էր, փորձարկում էր, թե փոքրաթիվ, ագրեսիվ փոքրամասնությունը ինչպես կարող  է թելադրել մեծամասնությանը։ Եթե կատարվածին պատշաճ գնահատական չտրվի, դա տարածվելու է ամբողջ հանրապետությունով մեկ։ Արդյունքում ժողովուրդը հիասթափվելու է և ընտրության չի գնալու։ Նրանք էլ իրենց բնորոշ մեթոդներով՝ լցոնումներով, բռնաճնշումներվ, ֆինանսական միջոցների օգտագործումով կհասնեն իրենց նպատակին։ Ինչ է նշանակում սյունեցիների կուսակցություն ստեղծել։ Չնայած սա փորձարկված մեթոդ է։ Քոչարյան Ռոբերտը ժամանակին արցախցիներին հանեց հայաստանցիների դեմ։ Հետո կեղծված ընտրություններից հետո բանդաներ բերեց Երևան ու հանեց ժողովրդի դեմ։ Հիմա էլ Ագարակի ագրեսիվ մասսան։ Նույն սցենարն է։ -Այսինքն Դուք մտավախություն ունե՞ք, որ նույն այս ագրեսիվ մասան նույն գործելաոճը կդրսևորի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ -Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլև համոզված եմ։ 100 տոկոսով համոզված եմ։ Եթե կոնկրետ քայլեր չարվեն, կատարվածին գնահատական չտրվի, ապա այո, նույն բանը, ավելի վատ դրսևորումներով կրկնվելու է ընտրությունների ժամանակ։ Եվ խոսքը բնավ մեքենայի վրա բարձրացողների մասին չէ։ Թող դրանց տանեն ստուգեն ու պարզեն, թե նրանցից քանիսն էր սթափ, քանիսը նարկոտիկ օգտագործած վիճակում։ Պատահական չէ, որ 7 մեքենա եկել էր մաքսատնով անցել էր և մաքսային հսկողություն չէր անցել: Ի՞նչ եք կարծում, այդ մեքենաների մեջ ինչ էր։ Ամեն ինչ էլ կարող ենք մտածել։ Կարող էր նարկոտիկ լինել, կարող էր զենք լինել։ Հետևաբար չի կարելի մատների արանքով նայել այս ամենին։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինչ։ Իշխանություն կա՞ այս երկրում, թե՞ ոչ։ Նիկոլը շատ մեղավոր է։ Ինչո՞ւ պետք է երկրում այնպիսի վիճակ լինի, որ Սյունիքի բդեշխները կուսակցություն ստեղծեն, իսկ իշխանական կուսակցությունը նորմալ չգործի։ -Հիմա իշխանությունը ի՞նչ պետք է անի, որպեսզի Ձեր կանխատեսած սցենարը  չտարածվի նրանց կողմից։ -Իշխանությունը պետք է դեն շպրտի իր թավիշը, մոռանա թավիշի մասին ու նորմալ սկսի գործել։ Ինձ չի հետաքրքրում, որ մենք լրատվամիջոցների ազատության մասով 64-րդ տեղն ենք, մասամբ ազատ ենք, թե լրիվ ազատ։ Եղել է հեղափոխություն, ժողովուրդը իշխանությանը տվել է հնարավորություն, ուզեցել է, որ արդարություն լինի , զզված է եղել նախկիններից ու այդ արդարությունը պետք է հաստատվի։ Ինչի՞ց է վախենում իշխանությունը։ Իշխանությունը պետք է վախենա բացառապես ժողովրդից, ոչ թե Եվրոպայից, Ռուսաստանից կամ այլ երկրից։ Եղել է հեղափոխություն, ժողովուրդը իշխանությունը տվել է ձեզ ու բարի եղեք գործել։ Հիմա էս վիճակով գնում եք ընտրությունների, որ ինչ անեք։ Տապալե՞ք։ Նորից հետ գնանք Քոչարյան Ռոբերտի հանցավոր ռեժիմի՞ն, նորից հոկտեմբերի 27 տեսնե՞նք, մարտի 1 տեսնե՞նք։ Կրկնում եմ, պետք է գործել ու թույլ չտալ էս բաժանումները։ Ես այսօր ինձ հարց եմ տալիս, թե ինչու Մեղրիի հիվանդանոցում նորմալ բժիշկ չկա։ Չկա, որովհետև գլխավոր բժիկ են նշանակել մի կիսատ-պռատ ատամնաբույժի, որի քույրը Մեղրիում ՀՀԿ-ի հիմնական  ընտրակեղծիքների կազմակերպիչն է եղել։ Բայց այսօր առողջապահության նախարարությունում նստած բուժվարչության պետ է ։ Դրա համար էլ ինչ խելացի բժիշկ գալիս է Մեղրիի հիվանդանոց այնպիսի ռամկաների մեջ են դնում, որ թողնում գնում են։ Ու մեկը չկա հարցնի՝ եթե դու բուժվարչության պետ ես նախարարությունում, ապա ինչու է Մեղրիի հիվանդանոցն այդ վիճակում։ 3 տարի է կառավարությունը փողը տվել է Մեղրիում մանկապարտեզ վերակառուցելու համար, բայց ոչ մի գործ չեն արել։ Իբր տանիք էին նորոգել, բայց անձրևների ժամանակ ջուրը լցվում է ներս։ Ցավալի է, որ համայնքի ղեկավարը իր բուն աշխատանքը թողած քաղաքականությամբ է զբաղվում, դուրս են եկել իշխանության դեմ։ Հետևաբար իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է այս ժողովրդի համար, պատասխանատու է ապագա ընտրությունների համար։ Պետք է կարողանալ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ նորմալ ուժեր հանդես գան ընտրություններին, ոչ թե որոշ թափթփուկներ։ Դաշնակցությունն այսօր մի ծակ պետք  է փնտրեր, մտներ ու դուրս չգար, բայց լցվել են Երևանի փողոցներով։ Այդ սրիկաներն ապրիլի 24-ից առաջ նոր ապրիլի 24 են ուզում։ Այս ամենը կազմակերպված է, գծված է, մշակված է։ Նիկոլ Փաշինյանն անձնապես պատասխանատու է երկրում կարգուկանոն հաստատելու համար։ Ուրեմն պետք է աշխատել։ Պետք է թույլ չտալ, որ պետությունը գնա կործանման։ -Պարոն Հարությունյան, Զանգեզուրը վերցնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունների ֆոնին ինչքանո՞վ են վտանգավոր այս ներքին խմորումները Սյունիքում և արդյոք որոշակի կապ կա՞ այդ երկուսի միջև։ -Ես ուսումնասիրել եմ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գործունեությունը և մի բան է պարզ դարձել, որ այդ ամբողջ ընթացքում Քոչարյանն աշխատել է ի շահ  թուրքական, ադրբեջանական  շահի։ Նա է Ղարաբաղին դուրս թողել բանակցութուններից, երկրում քրեաօլիգարխիկ համակարգ է ստեղծել, ստրատեգիկ բոլոր հիմնարկները վաճառել է, փոշիացրել է, նպաստել է արտագաղթին, կարող ուժի արտագաղթին երկրից։ Ու հիմա էլ նա շարունակում է իր այդ գործելաոճը։ Ժողովուրդը, քաղաքական ուժերը դա չեն հասկանում, չեն հասկանում, որ Քոչարյանը նորից մտել է խաղի մեջ, քանի որ կիսատ գործեր ունի։ Մի մոռացեք ով էր Մեղրին Լաչինով փոխանակելու ծրագիրը առաջ տանում։ Պատմությունը հանեք, նորից մատուցեք հանրությանը, թող բոլորը, նոր սերունդը իմանա այդ պատմությունը ու հասկանա, թե հիմա ինչ է կատարվում երկրում ու դրա դեմն առնվի։ Ընտրությունների ենք գնում ու ժողովուրդը պետք է հասկանա ում է ձայն տալիս։ Մի բան հստակ է, որ ժողովուրդը դեմ է նախկին սրիկաներին։ Վերջիններս ժողովրդից գողացված փողերը փորձում են նորից դնել շրջանառությյան մեջ և ժողովորդը պետք է պահանջի իշխանությունից օրենքներ ընդունել ու նրանց վերջը տալ։ Այսպես չի կարող շարունակվել։ Երկրում պետք է կարգուկանոն հաստատվի։ Օրենք և իշխանություն։ Ուրիշ ոչ մի բան։