Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում հաղթե՞ց Սերժ Սարգսյանին

Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում հաղթե՞ց Սերժ Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ընթացքում ծավալված հայտնի իրադարձությունները հաջորդ օրը շարունակություն ունեցան Երևանում, այն բանից հետո, երբ Սյունիքում գործի անցան իրավապահները: Պլանավորա՞ծ էր այդ հաջորդականությունը, թե՞ պլանավորած չէր այն, որ Սյունիքի ակցիային կհաջորդի իրավապահներին վարչապետի կոշտ արձագանքն ու որոշակի գործողությունները: Սյունիքում տեղի ունեցածը դիտարկվեց առավելապես արտաքին ռազմա-քաղաքական հանգամանքների համատեքստում, սակայն անգամ դրանց առկայության պարագայում, հարկ է դիտարկել նաև ներքաղաքական իրողություններն ու հաշվարկները: Նախկին կառավարող համակարգը Սյունիքը դիտարկում է այն ռեգիոնը, որտեղ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, իրեն համարում է առավելագույնս ուժեղ: Իսկ Սյունիքի մարզն ունի ավելի քան 140 հազար բնակչություն, ինչը կապահովի ընտրողների շոշափելի թիվ, եթե արմատական ընդդիմությանը հաջողվի այնտեղ ձևավորել գործող իշխանության դեմ առավելագույն մոբիլիզացիա: Քանի որ նախկին կառավարող համակարգը ունի հանրային վստահության հետ կապված լուրջ խնդիրներ, միաժամանակ՝ սահմանափակ ընտրազանգվածի առումով կա նաև այդ համակարգի ներսում մրցակցության խնդիր տարբեր բեվեռների միջև, ձայների յուրաքանչյուր հազար դառնում է արդեն գերկարևոր: Իսկ Սյունիքում համակարգը իրեն ուժեղ է զգում մի կողմից անվտանգային տրանսֆորմացիաների հանգամանքից բխող օբյեկտիվ մտահոգությունների բերումով, որ ունեն սյունեցիները, մյուս կողմից նաև տնտեսական և կլանային մեխանիզմների: Մասնավորապես, անկասկած էական նշանակություն ունի Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հայաստանի խոշորագույն հարկատուն, որը Սյունիքում ունեցել է և թերև ունի համակարգաստեղծ նշանակություն: Այդ ամենը նախկին իշխանությունը կամ կառավարող նախկին համակարգը ներկայացնող սեգմենտին թույլ է տալիս դիտարկել որոշակի հնարավորություններ սեփական այսպես ասած մրցունակությունը և նաև Սյունիքից հեռու՝ մյուս մարզերում և Երևանում սեփական համակիրների ոգին բարձրացնելու համար: Հատկապես ռեյտինգային ընտրական համակարգի չեղարկումից հետո, որն էական հարված է նախկին կառավարող համակարգի տարաբնույթ ֆունկցիոներների մոտիվացիաներին: Միևնույն ժամանակ, ներքին հանգամանքները դիտարկելիս, պետք է նաև շոշափել հենց նախկին կառավարող համակարգում ներքին մրցակցության խնդիրը, որտեղ տարբեր բևեռներ, առնվազն երկուսը՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյանը, փորձում են ցույց տալ ընտրազանգվածի կառավարման, տրամադրությունների տնօրինման հարցում իրենց առավելությունը և պակաս հավանական չէ, որ Սյունիքում Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ցույց տալ իր առավելությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես, որ Սյունիքի իրադարձությունների շրջանակում առավել ներգրավված էին հենց երկրորդ նախագահին հարող և ակնհայտորեն աջակցող շրջանակներ: Այդ իմաստով, Քոչարյանը Սյունիքում Փաշինյանի դեմ չհաջողեց, բայց հնարավոր է հաջողեց Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, թերևս մի ուշադրության արժանի հանգամանք: Այդ թեժ իրադարձությունների ֆոնին Վերաքննիչ դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու ազատ արձակումը: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի