Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի պատմական այցին

Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի պատմական այցին

Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են պատմության ընթացքում առաջին անգամ Հռոմի պապի այցին, որը տեղի կունենա մարտի 5-8-ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, քառօրյա այցը տեղի կունենա՝ ի հեճուկս կորոնավիրուսի համավարակի և հնարավոր անվտանգային ռիսկերի: Մի քանի հարյուր հազարանոց քրիստոնեական համայնքը շատ էր տուժել երկրում 2000-ականների սկզբին ալ-Քաիդայի, ապա արդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի գործունեության հետևանքով, որոնք 2014-2017թթ. բռնի կերպով հետապնդումներ էին իրականացնում ինչպես քրիստոնյաների, այնպես էլ այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: «Մենք հուսով ենք, որ Հռոմի պապի այցից հետո քրիստոնյաների վիճակը կբարելավվի: Վերջին տարիներին Իրաքի քրիստոնյաները շատ են տառապել, սկսել են արտագաղթել: Հռոմի պապը կգա և կտեսնի իրականությունը»,- ասել է Էրբիլում բնակվող քրիստոնյա Ամեր Աբդելհադը, ով կնոջ և աղջկա հետ գրանցվել է՝ մասնակցելու քաղաքում 10 հազար մարդու համար կազմակերպվող պատարագին: Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի մասին հայտարարվել էր դեկտեմբերին: 84-ամյա հոգևոր առաջնորդը կլինի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Ուրում, Էրբիլում, Մոսուլում և Քարաքոշում: