Ընդդիմությունը կանգնել է փակուղու առաջ․ նրանք փորձում են սադրել իշխանությանը

«Քաղաքական մթնոլորտում ավելի շատ տաքանալու միտումներ են նկատվում, բայց գործընթացները նույն ինտենսիվությունը կունենան: Արտախորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, կանգնել է քաղաքական փակուղու առաջ, նրանց շարժումը կգնա դեպի մարում, դրա համար նրանք իրենց հռետորաբանությունը ավելի են սրում՝ փորձելով սրել իրավիճակը և իշխանություններին սադրել: Բայց այդ սադրանքները կնպաստեն իրենց շարժման անկմանը: Եթե իշխող ուժը չտրվի սադրանքներին, շարժումը կմարի»,- «Առաջին լրատվական»,- ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց վերլուծաբան Գոռ Մադոյանը՝ հավելելով, որ արտախորհրդարանական ընդդիմությունը վա բանկ է գնում՝ հանրահավաքներին մասնակից դարձնելով իրենց բարեկամներին: «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ կա ներքաղաքական ճգնաժամ: «Արտահերթ ընտրությունները պետք է որոշակիորեն զսպող օղակ լինեին, բայց իշխանության հայտարարությունից հետո այդ օրակարգը լուսանցքում հայտնվեց, և դա բերեց նրան, որ փետրվարի 20-ին աննախադեպ թվով մարդիկ հավաքվեցին հանրահավաքին: Իմ կարծիքով՝ դա հենց նրա հետ է կապված, որ իշխող ուժը հետքայլ կատարեց արտահերթ ընտրություններ իրականացնելու իր խոսքից: Դա նշանակում է, որ ներքաղաքական ճգնաժամը կարող է ժամանակի ընթացքում իրադարձություններն առաջ մղել, և հնարավոր է  անկանխատեսելի գործընթացներ սկսվեն»,- նշեց Ղևոնդյանը: «Քանի որ դեռևս չկա այլընտրանքի հստակ դեմքը, օրակարգում միայն իշխանությունն է և «17+»,-ը, մենք հստակ ձևակերպելու ենք և ժողովրդին ցույց ենք տալու այլընտրանքի դեմքը, և այս քաղաքականության իմիտացիային, այս կեղծ օրակարգին երևի թե վերջ կդրվի»,- նշեց «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում: