Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

Ռուսաստանում 2020 թվականին 72 ահաբեկչական հանցագործություն են կանխել, փետրվարի 24-ին Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում հայտնել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա ահաբեկչությունը համարել է ամենասուր և ամենավտանգավոր սպառնալիքը: «2020 թվականին կանխվել է ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն, դա մեկ քառորդով ավելի է, քան մեկ տարի առաջ. 2019 թվականին այն եղել է 57»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ դա վկայում է, որ «հանցավոր դիտավորությունները դեպքերի ճնշող մեծամասնությամբ հաջողվում է բացահայտել տակավին դրանց նախապատրաստման փուլում, դրանով իսկ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը»: Ահաբեկչական մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի քիչ չեն դառնում: «Մենք տեսնում ենք, որ գլոբալ մարտահրավերների մակարդակը, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրսահմանային հանցավորությունը, կիբեռհանցավորությունը, չեն նվազում»,- ասել է պետության ղեկավարը: Պուտինն անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ահաբեկիչների և արտասահմանյան հատուկ ծառայությունների շփումների բացահայտմանը: Ռուսաստանի կիբեռանվտանգության ապահովումը պահանջում է նոր մոտեցումներ, ՌԴ-ի կարևոր ռեսուրսների վրա գրոհների թիվը մեկ տարում եռապատկվել է, հայտարարել է Պուտինը։