Պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու համար. Չավուշօղլու

Պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու համար. Չավուշօղլու

Անկարան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ թուրքմենական գազն ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար: Նախօրեին Անկարայում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ գրում է ermenihaber.am -ը։ Խոսելով տնտեսական ոլորտում 2 երկրների համագործակցության մասին՝ նա նշել է, որ 2 երկրները բանակցություններ կսկսեն Թուրքմենստանի անկախացումից անմիջապես հետո ստորագրված ներդրումների պահպանման և խրախուսման, կրկնակի հարկման բացառման պայմանագրերը թարմացնելու համար, քանի որ դրանք արդեն հնացել են և չեն արտացոլում ներկայիս իրողությունները: «Մենք շատ ուրախ ենք հատկապես Կասպից ծովի հիդրոկարբոնի հանքավայրերի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված հուշագրի համար: Մեր ընկերությունները ևս պատրաստ են համագործակցել տարածաշրջանում և Կասպից ծովում: Թուրքիան մասնավորապես պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ թուրքմենական գազը ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն: Վերջինս խոսել է նաև Թուրքմենստանի հետ անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու Թուրքիայի մտադրության մասին: