Պատմականորեն նորից հայտնվել ենք կրեմլյան ու թուրք-ադրբեջանական թակարդում․ Եղիշե Պետրոսյան

«Ընդդիմության տիտղոսը, չգիտես ինչու, վերցրել է «17+»-ը, և բոլոր մեդիաներում, ընդդիմություն ասելով, միայն նրանց են պատկերացնում, բայց քաղաքական դաշտում կան ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ շատ ավելի հետաքրքիր ծրագրեր ունեցող այլ ընդդիմադիր ուժեր: Կարծում եմ՝ «17+»-ին և իշխանությանը երկուստեք ձեռնտու է, որ նրանք ունենան այսպիսի ապիկար իշխանություն, իշխանությունն էլ՝ այսպիսի անհեռանկար ընդդիմություն: Եվ այս երկուսին էլ ժողովուրդը չի ընդունում, որի համար կան օբյեկտիվ պատճառներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ երկրում անպայման փոփոխություն է պետք, ռեսթարտ է պետք. «Պոստսովետական՝ Երրորդ կոչված ՀՀ-ն իրեն սպառել է՝ բոլոր առումներով, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական և թե՛ հեռանկար ունենալու առումով, և այս պատերազմն էլ մի մեծ կնիք դրեց այս ամեն ինչի վրա»: «Պարտավոր ենք գտնել լուծում, և այդ լուծումը պետք է լինի նոր անվտանգային համակարգ ձևավորելու բազայի հիման վրա, այլապես մենք պատմականորեն հայտնվել ու նորից մնալու ենք կրեմլյան ու թուրք ադրբեջանական թակարդում, որը մեզ համար լարված է արդեն 100 տարի: Եվ ամեն անգամ մենք ցավ ենք ապրում՝ ընկնելով այդ թակարդը, ու փորձում ենք մեծ էներգիա ծախսել փոփոխության հասնելու համար, բայց չի հաջողվում, ու մենք տեղում դոփում ենք: Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը կերաշխավորի մեր անվտանգությունը, կերաշխավորի մեր նորմալ համակեցությունը, զարգացումը, ուրեմն պետք է ճիգեր գործադրենք,- ընդգծեց Եղիշե Պետրոսյանը՝ հավելելով, որ այժմ էլ մենք հերթական ծուղակի մեջ ենք, և դեռ որոշ վտանգներ կառաջանան մեզ համար:   Մանրամասն՝ տեսանյութում: