Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ արտահանման աճ են գրանցել․ Եվրոպական միության EU4Business ծրագիր

Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ արտահանման աճ են գրանցել․ Եվրոպական միության EU4Business ծրագիր

22 փետրվարի, 2021 թ․ Չնայած ՔՈՎԻԴ-19 համավարակով և ապա արցախյան պատերազմով պայմանավորված տնտեսական դժվարություններին՝ Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ 2020 թ․-ի առաջին կիսամյակում արտահանման աճ են գրանցել։ Օրինակ, չորացրած մրգերի և բանջարեղենի արտահանումը 2020 թ․-ի առաջին կիսամյակին կազմել է 300 տոննա՝ 59%-ով գերազանցելով 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (188,6 տոննա), իսկ պահածոյացված մթերքի արտահանումը կազմել է 10,517 տոննա՝ նախորդ տարվա 8,859 տոննայի համեմատ աճելով 18%-ով։ Արտաքին շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացման գործում, անխոս, առանցքային դեր ունեն ընկերությունների մարքեթինգային կարողությունները, որոնց զարգացմանը 2017 թ․-ից ի վեր նպաստում է նաև «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը։ Վերջինս իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագիրը սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող 13 շահառու փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն է տրամադրել  մարքեթինգային կարողությունների զարգացման տարբեր ուղղություններով․ ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, պատրաստվել են ժամանակակից կայքեր՝ առցանց գնումների հնարավորությամբ, մատուցվել են սոցիալական ցանցերում առաջխաղացման ծառայություններ։ «Չնայած 2020-ը լի էր դժվարություններվ, չրերի արտահանման անկում չունեցանք։ Նույնիսկ կարողացանք մուտք գործել նոր շուկաներ՝ օրինակ Միացյալ Թագավորություն՝ արտահանելով օրգանական չիր ու տարին ամփոփելով դրական ցուցանիշներով։ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում շուտով կունենանք նոր կայք՝ էլեկտրոնային առևտրի հնարավորությամբ։ Արդյունքում, կկարողանանք ավելի հեշտությամբ կապ հաստատել միջազգային շուկայի գնորդների հետ և ավելացնել վաճառքի ծավալները», - նշում է «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիայի տնօրեն Վարդգես Դավթյանը։ Վարդգեսի կարծիքով՝ հայկական արտադրանքի առաջխաղացման համար կարևոր է իմանալ դրա մրցակցային առավելություններն ու կարողանալ դրանք ճիշտ «փաթեթավորել»։ Օրինակ, «Սաթենի» տեսակի ծիրանի չիրը (ժողովրդական լեզվով՝ «Շալախ») մյուս տեսակներից ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ այն ավելի անվնաս է շաքարային դիաբետով սպառողների համար և ավելի մրցունակ միջազգային շուկայում։ Հենց այս մրցակցային առավելության շնորհիվ է, որ 2020 թ․-ին Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիային հաջողվել է մեծաքանակ ծիրանի չիր արտահանել Միացյալ Թագավորություն։ «2020-ին տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ ունեցանք վաճառքի ու եկամտի որոշակի անկում, և ծրագրի մարքեթինգային աջակցությունը այս իրավիճակում շատ տեղին էր։ Շուտով կունենանք բուսական թեյերի նոր տեսականու՝ պրեմիում տեսքի փաթեթավորում։ Այն կառանձնանա տուփի ձևով, հետաքրքիր դիզայներական լուծումներով և մրցունակ կլինի նաև միջազգային շուկայում»,- նշում է Ար ֆիտո Ֆարմ ընկերության փոխտնօրեն Արմինե Ասիրյանը։ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մարքեթինգային խորհրդատվություն է տրամադրում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող մի շարք փոքր և միջին բիզնեսների, նշում է, որ 2020 թ․-ի մարտահրավերների հաղթահարման համար առավել արդյունավետ մարքեթինգային գործիքներն են առցանց ցուցահանդեսներն ու թվային մարքեթինգային արշավները։ «Միջազգային շուկաներ արտահանման համար առանցքային է ունենալ որակյալ արտադրանք, հավաստագրումներ, գրագետ մշակված գնային ռազմավարություն, մրցունակ բրենդինգ, հուսալի մատակարարման ցանցեր և հաճախորդների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Մրցունակ և հաջողակ լինելու համար ոչ պակաս կարևոր է ունենալ պիտանելիության ժամկետը երկարացնող, պլաստիկի նվազագույն օգտագործմամբ, հարմար և անվտանգ փաթեթավորում», - ավելացնում է փորձագետը։ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում տրամադրվող մարքեթինգային աջակցությունը սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ընկերություններին օգնում է ամրապնդել դիրքերը ներկա շուկաներում և զարգացնել արտահանման ներուժը։ 2021 թ․-ին ծրագրի շահառու ընկերությունները մտադիր են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը Եվրոպայում, Չինաստանում  և Արաբական Միացյալ Էմիրություններում։