Կա նրբություն․ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան հետախուզական է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր անուղղակի արձագանքել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարություններին, որոնք նա արել էր Բաքվում հունվարի 24-ին: ԱԳՆ հաղորդման համաձայն, այսօր Երեւանում իրանցի պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արա Այվազյանը, մասնավորապես, ասել է. «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ եւս շեշտել, որ միայն հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ եւ պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ զարգացման առաջմղման համար»:  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արևելագետ Արեմն Պետրոսյանի հետ: