Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է. առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ եւ ինչ հեռանկարներով դա պետք է տեղի ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը: Նրա խոսքով, շատ մեր հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներն անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռեւս ամբողջությամբ չավարտած մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: