Թանդիլյանը հանդիպել է Հայաստանից Արցախ ժամանած պաշտոնյաների հետ

Թանդիլյանը հանդիպել է Հայաստանից Արցախ ժամանած պաշտոնյաների հետ

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանի հետ, որին մասնակցում էին այլ պաշտոնատար անձինք ևս Արցախից և Հայաստանից: Ողջունելով հյուրերին՝ Մ. Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանը՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ: Արցախի սոցիալական ապահովության նախարարն այդ համատեքստում հատկապես կարևորել է Հայաստանի և Սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու այդ ուղղությամբ նպատակային աշխատանքների իրականացումը: Մասնավորապես, շեշտվել է Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն՝ այդտեղ ապրելու հետագա հնարավորության ընձեռումն, ինչպես նաև սոցիալական և այլ կարիքների բավարարման մեխանիզմի կիրառումն որպես առաջնահերթություն դիտարկելու հարցը: Հանդիպման մասնակիցները օրակարգային թեմաների շուրջ քննարկումների, խնդրո առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման արդյունքում որոշում են կայացրել՝ ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից՝ ըստ այդմ ընտրելով լուծման համարժեք եղանակներ և հնարավորինս սեղմ ժամկետներ: