ԱԳ նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերին

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն: Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար: https://www.youtube.com/watch?v=IW8xP8gikU4&feature=emb_logo