Ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից. Լապշին

Ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից. Լապշին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Պարոն Լապշին, օրերս դուք խոսել եք բանակում զինվորների ապահովագրության մասին: Այդ կապակցությամբ ինչպիսի՞ խնդիրներ եք նկատել հայկական բանակում: Ողջ դեկտեմբերը և մինչ օրս մենք զբաղվում ենք պատերազմից տուժած փախստական ընտանիքներին օգնություն տրամադրելով, մեր ուժերի ներածին չափով օգնություն ենք տրամադրում վիրավոր զինվորներին և այցելու զոհված հերոսների ընտանիքներին: Ես հավաքել եմ բավարար վիճակագրություն, որպեսզի եզրակացություն անեմ այդ կատեգորիայի մարդկանց պետական աջակցության անարդյունավետության մասին: Մեր այցելած մոտ 100 ընտանիքներից կեսից ավելին մինչ օրս պետությունից չեն ստացել նյութական օգնություն կամ ստացել են մասնակի: Առանձին դեպքերում դա բացատրվում է հենց տուժածների անգործությամբ, որոնք սահմանված ժամկետներում չեն դիմել համապատասխան մարմիններին: Այդուհանդերձ, մեծ մասն արել է այնպես, ինչպես պահանջվում է, սակայն օգնությունն ուշանում է, թեև պատերազմի ավարտից հետո անցել է մոտ 3 ամիս: Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է հերթական անգամ «հեծանիվ հորինի», որը վաղուց հորինված է: Պետք է վերցնել զինծառայողների ապահովագրության արդեն եղած միջազգային փորձը՝ ներառելով նաև առևտրային ապահովագրական ընկերություններին՝ ՊՆ-ի հետ պայմանագրի հիման վրա: Այդ վճարումները կկազմեին զոհված և հաշմանդամ զինծառայողների համար վճարումների հիմնական մասը: Դրան կգումարվի պետական սոցիալական ապահովումը՝ զինվորների կենսաթոշակների և հաշմանդամության նպաստների, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին աջակցելու տեսքով: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ռազմագերիների հարցում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ձեր կարծիքով ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում ռազմագերիների վերադարձը: Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է. նրանք պահում են գերիներին որպես պատանդ և մանիպուլացնում են այդ հարցը Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործադրելու համար: Փաստացի Ալիևը կարող է քայլ անել և վերադարձնել գերիների մի մասին, ինչը կամրապնդի Հայաստանի ղեկավարության հեղինակությունը: Բայց նաև կարող է ընդառաջ չգնալ՝ դրանով առաջ բերելով պայթյուն և Հայաստանի ժողովրդի զայրույթն ընդդեմ գործող իշխանությունների: Ալիևը գրագետ ձևով մանիպուլացիայի առարկա է դարձնում գերի ընկած հայ զինվորների ճակատագիրը, որպեսզի Հայաստանից ստանա այս կան այն զիջումը, օրինակ, նոր սահմանների ձևավորման հետ կապված: Մյուս կողմից, իմ զգացողությամբ, ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից: Հնարավոր է, որ իշխանությունները համարում են, որ նախ պետք է հասնել Ադրբեջանի հետ լիարժեք հաշտության պայմանագրի, որից հետո այդ պայմանագրի հիման վրա հետ բերել ռազմագերիներին: Լրացուցիչ ճնշումը Բաքվի վրա նախքան սահմանների, Արցախի կարգավիճակի և տրանսպորտային միջանցքների հարցերով լիարժեք հաշտության պայմանագիրը, հնարավոր է, ռիսկային է համարվում, որը կարող է առաջ բերել Ալիևի ռեժիմի նյարդայնությունը: Միաժամանակ, ես ինձ իրավունք չեմ  վերապահի գնահատել ՀՀ ղեկավարության գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը ռազմագերիների հարցում, քանի որ մենք ձեզ հետ չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը: Ձեր կարծիքով այսօր ի՞նչ փոփոխություններ կարիք ունի հայկական բանակը: Դժվար թե ես ինձ համարեմ ավելի տեղեկացված վերլուծաբան, քան Հայաստանի բանակի ղեկավարությունը: Ուստի, հնարավոր է ես ասեմ բաներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ բանակն արդեն սկսել է աշխատել, և դրանք սկզբունքորեն նոր բան չեն: Ի սկզբանե անվտանգության հայեցակարգը հիմնված էր «զսպում-վաղ նախազգուշացում- պաշտպանություն- որոշումների կայացում» սկզբունքի վրա, որը ենթադրում էր կայունություն սահմաններին և վստահություն, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է հույս դնել երրորդ երկրների, օրինակ Ռուսաստանի, անվերապահ աջակցության վրա: Այդ վստահությունը բերեց ողբալի հետևանքների, բանակը պատրաստ չէր լայնամասշտաբ պատերազմի և պասիվ պաշտպանություն էր կազմակերպել: Ղարաբաղի համար պայքարը 2020 թվականին ցույց տվեց, որ անհրաժեշտ էր ոչ թե սպասել, թե երբ կհարձակվի թշնամին, այլ պատրաստ լինել առաջինը հարվածել աճող սպառնալիքի դեպքում: Բացի այդ, վատ է աշխատել հետախուզությունը և չի եղել անհրաժեշտ համակարգվածություն զորքերի միջև: Հայաստանն, իմ կարծիքով, պետք է հաջորդ պատերազմի դեպքում որդեգրի հարձակողական բնույթի սկզբունքներ, եթե այդպիսին լինի: Դա կոչվում է «ակտիվ պաշտպանություն»: Պետք է սովորել հույս դնել միայն սեփական ուժերի վրա և հակառակորդին թելադրել սեփական կամքը՝ ներառյալ պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխելու անհրաժեշտությունը: Այդ ամենն, ի դեպ, ընկած է Իսրայելի ռազմական հայեցակարգի հիմքում: Բնականաբար, հարկավոր կլինի շեշտը դնել բանակում նոր տեխնոլոգիաների, ավիացիայի, հրթիռային զորքերի և դիվերսիոն խմբերի վրա, որոնք ունակ են գործել թշնամու թիկունքում: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի