ԱՄՆ-ն կփորձի վերականգնել իր դիրքերը մեր տարածաշրջանում․ ինչ սպասել Արցախի հարցում

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Էնթոնի Բլինքենն ասել է, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին։ Հաստատվելու դեպքում այն նոր թափ կհաղորդի ԱՄՆ ներգրավվածությանն այնպիսի մշտական լուծում գտնել, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չբռնկվի։ Ինչի՞ մասին է խոսում Էնթոնի Բլինքենի այս հայտարարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ նմանատիպ հայտարարություններ ես չէի ցանկանա վերլուծել։ Այսինքն՝ շատ հաճախ որոշ պաշտոնյաներ մինչև նշանակվելն այլ կերպ են մտածում, իսկ նշանակվելուց հետո նրանց ռեալ քայլերն ոչ ամբողջությամբ են համապատասխանում նախկինում արված հայտարարություններին։ Այն, որ Միացյալ Նահանգներում փոխվել է վարչակարգը, որով կփոխվի նաև արտաքին քաղաքականությունը, միանշանակ է։ Բայց որքանով դա դրական կանդրադառնա մեզ վրա, ես, անկեղծ ասած, այս պահին չեմ կարող ինչ-որ մեկնաբանություններ անել։ Առավել ևս, ես Միացյալ Նահանգների քաղաքականության գծով մասնագիտացված վերլուծաբան չեմ։ Իհարկե, շատ կարևոր քայլ կլինի, եթե Միացյալ Նահանգները վերանայի Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը, որովհետև, թեև նախկինում նշվում և վստահեցվում էր, որ իրենց տրամադրած ռազմական օգնությունը չի վերաբերելու և չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ, սակայն, ինչպես ցույց տվեց 2020 թվականի պատերազմը, Ադրբեջանը ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավեց ոչ միայն բանակին, այլ նաև ներքին զորքերին և պետական սահմանապահ ծառայությանը։ Իսկ Միացյալ Նահանգների օգնությունը վերաբերել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը»։     Մանրամասները՝ տեսանյութում։