Դատելով իշխանության թեթևությունից՝ խիստ կասկածելի է արտահերթ ընտրության հնարավորությունը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե Հայաստանն ունի մի լուրջ խնդիր և դրա անունն է ընդդիմություն, արժանացել է մեծ ուշադրության և քննադատության, հատկապես արմատական ընդդիմության շրջանակում: Պատկերը, երևույթը, որ շոշափվում է պատգամավորի հայտարարության համատեքստում, հարաբերական է: «Իմ քայլի» պատգամավորն իրավացի է, որ Հայաստանն այսօր ունի լուրջ խնդիր և դրա անունն է ընդդիմություն: Բայց այդ խնդիրը չունի այսպես ասած՝ քաղաքական հայացք կամ տեղեկատվական մոտիվ: Այդ խնդիրն ունի խորքային արտահայտում, այն իմաստով, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն իր գործունեությունը մշտապես կառուցել է ոչ թե քաղաքական կյանքն ու միտքը բովանդակային, գաղափարական իմաստով հարստացնելու, այլ առավելագույնս պարզունականացնելու, պրիմիտիվ մանիպուլյացիայի և պոպուլյացիայի ճանապարհով: Բայց Հայաստանն այդ խնդիրը ունի ոչ միայն այսօր, այլև երեկ, երբ խնդիր արձանագրող պատգամավորը դեռ պատգամավոր չէր, իսկ նրա քաղաքական ուժը դեռևս ընդդիմություն էր, և ավելին, երբ նրա քաղաքական ուժը դեռևս չկար էլ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: