Ամբողջ աշխարհի ագենտուրան վխտում է Հայաստանում, ո՞նց ենք արտահերթ անցկացնելու

«Այսօր ինքնամաքրման պրոցես է ընթանում: Այն բոլոր արժեքներին, որով ապրել ենք 30 տարի, stop է տրված»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Վիգեն Ավետիսը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է այս պրոցեսն ընթանում. «Միգուցե մարդկությունը restart է լինում»: «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը հավելեց, որ իր դիտարկմամբ՝ տեղի է ունեցել հրաբխի ժայթքում, որը մեծ ավերածություն է առաջացրել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ներքաղաքական դաշտի կայունացմանը կնպաստեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Եղիշե Պետրոսյանը նշեց, որ այս պահին միջավայրը վատն է և բարենպաստ չէ ընտրություններ անցկացնելու համար: «Այս լարված իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի ագենտուրան վխտում է Հայաստանում, և բոլոր խաղացողները բացեիբաց խաղում են դաշտում, Կրեմլի բոլոր աշտարակների ուժերն իրենց ագենտուրան են շարժում, և ամեն մեկն իր յուրայինին է բրթում, ո՞նց ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու»: «Մեր քաղաքական դաշտում նկատելի է, որ հիմնական խաղացողների պատվիրատուն էլի մնում է Ռուսաստանը: Եթե մենք հիմա ընտրություններ անցկացնենք, նորից կընկնենք նույն թակարդը և նորից Կրեմլի շահերը սպասարկող իշխանություն կձևավորենք՝ ինչպես այսօր է, ինչպես երեկ էր: Ազգայնականներին շանս չի տրվում, անընդհատ չեն թողնում, որ ազգայնականները համախմբվեն, որպեսզի հանկարծ ժողովրդին չարթնացնեն: Հայաստանում չունենք ձևավորված ֆորմուլա, թե ինչ է մեր ուզածը, և չունեինք ֆորմուլա, թե ինչ էր Արցախը Հայաստանի համար»,- նշեց Պետրոսյանը: Նա նաև նկատեց, որ 2018թ. ունեինք լավ ճանապարհ դուրս գալու հնարավորություն, բայց ներկա վարչակազմը խաբեց, նրա ամենամեծ մեղքն այն է, որ խաբեց ժողովրդին և չիրականացրեց մեր ազգային երազանքները»: Մանրամասն՝ տեսանյութում: