Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ հստակ նպատակներով. Հայաստանը պետք է արագ ոտքի կանգնի

Փետրվարի 1-12-ը Հայաստանի հետ սահմանին՝ Կարսում, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնցում ներգրավվելու են տանկային, հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև դեսանտային ստորաբաժանումներ: Հատկանաշական է, որ այդ երկրները Արցախի դեմ պատերազմ սկսելուց առաջ էլ համատեղ զորավարժություններ անցկացրեցին, որոնք, ըստ էության դարձան նախապատրաստական փուլ՝ Արցախի դեմ պատերազմը սկսելու առումով: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ: «Նախորդ խոշորամաստաբ զորավարժություններին, որոնք տեղի էին ունեցել անցած տարվա հուլիսի վերջից մինչև օգոստոսի կեսերը, հաջորդեցին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ Արցախի դեմ: Անշուշտ, այդ զորավարժություններն ունեին իրենց հստակ նպատակը և մեծ հաշվով արդարացրին իրենց: Այս զորավարժությունների դեպքում նման էսկալացիա չեմ կանխատեսում, բայց դրանք ևս ունեն հստակ նպատակներ: : Բայց այս դեպքում շատ ավելի մեծ է ցուցադրական, քարոզչական նշանակությունը: Իհարկե, հաշվի առնելով մեր թշնամիների բնույթը՝ չի կարելի բացառել անգամ անկանխատեսելի թվացող ռազմական ակտիվացում»,-ասաց Պետրոսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այս զորավարժությունները հստակ քարոզչական նպատակներ ունեն. Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ չի պատրաստվում խաղաղության, սա հստակ ուղերձ է առ այն, որ Բաքուն ցանկացած պահի պատրաստ է վերսկսելու ռազմական գործողությունները: «Թուրքիայի դեպքում քարոզչական թիրախներն այլ են, դրանք ուղղված են հակառակորդներին, մրցակիցներին, այս դեպքում նաև Ռուսաստանի Դաշնությանը»: