113 միլիոն եվրո հանրագումար. Ուշագրավ դրվագներ Հենրիխ Մխիթարյանի մասին

113 միլիոն եվրո հանրագումար. Ուշագրավ դրվագներ Հենրիխ Մխիթարյանի մասին

Այսօր՝ հունվարի 21-ին, ծննդյան 32-րդ տարեդարձն է նշում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս պարգևին Մխիթարյանը արժանացավ նաև 2020 թվականին։ «Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակը ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկ միասնություն»,- հայտարարել էր Մխիթարյանը։ Վերջինս միակ հայ ֆուտբոլիստն է, ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ Կարիերան սկսելով Երևանի «Փյունիկում»՝ 2009 թվականին տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 46 հանդիպում՝ դարձել էր 17 գոլի հեղինակ։ 2010 թվականին պայմանագիր կնքեց ուկրաինական ուժեղագույն ակումբներից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Տրանսֆերը կազմել էր 7.5 միլիոն եվրո։ Աչքի ընկելով փայլուն ելույթներով՝ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 106 խաղում դարձավ 44 գոլի հեղինակ։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էին դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Մխիթարյանի տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյորին», «Փյունիկին» և Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Հենրիխը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողնել։ Այնուամենայնիվ, երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիան» կարողացավ «Շախտյորի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչևէ, «Բորուսիայում» անցկացնելով 141 հանդիպում՝ Մխիթարյանը դարձել էր 41 գոլի հեղինակ։ 2016 թ. 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 63 խաղում խփելով 13 գնդակ։ «Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», և ազգային հավաքականին: Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի: Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը և աչքի է ընկնում գոլային հոտառությամբ: Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է: Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում: Այնքան լավ է, երբ նա գնդակով է»,- հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Սանդերլենդի» դարպասը խփած Մխիթարյանի «կարիճ» գոլը տեղ է գտել BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում։ 2018 թվականի հունվարին Մխիթարյանը հայտնվեց «Արսենալում», որտեղ 59 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ։ 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», իսկ անցյալ տարի պայմանագիր կնքեց այս թիմի հետ։ «Ռոմայի» կազմում անցկացնելով 50 խաղ՝ խփել է 19 գնդակ։ Ըստ «Տրանսֆերմարկետի»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 20 միլիոն եվրո։ Մխիթարյանի տրանսֆերային ընդհանուր հանրագումարը 112.8 միլիոն եվրո է։ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Երևանի պատվավոր քաղաքացի։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք մեր հավաքականի ավագին՝ նրան ցանկանալով քաջառողջություն և նորանոր նվաճումներ։