Արտահերթ ընտրությունների գնդակը մեր դաշտում չէ. Սուրեն Պապիկյան

Կառավարությունն անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այս պահին բնականոն աշխատանքը ընթացքի մեջ է, և որևէ օղակ չի հապաղում լուծել առկա խնդիրները: Պապիկյանի խոսքով՝ կառավարության կազմի վերանայումները և փոփոխությունները պայմանավորված են հանրության սպասումներն իրականացնելու միտումով: «Թիմի ներսում փոփոխությունները բնական են և շարունակական են լինելու»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ կուսակցության՝ արտահերթ ընտրություններին պատրաստվելը պայմանավորված է հետպատերազմական և ներքաղաքական իրավիճակով: «Եթե վարչապետը այդ մասին հայտարարել է և պատրաստակամություն է հայարարել, ուրեմն մենք պատրաստ ենք քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը, այլ հարց է՝ ինչ փուլում տեղի կունենան կամ տեղի կունենան, թե ոչ: Գնդակը մեր դաշտում չէ, այն այլևս նետված է և միայն մեզնով չի պայմանավորված, մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, երբ կլինի հանրային հատվածի և քաղաքական ուժերի համաձայնությունը»,- նշեց Պապիկյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը կողմ չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը և նախ պահանջում է իշխանության հրաժարականը, Պապիկյանը նշեց. «Երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, ինձ համար ակնհայտ դարձավ, որ որևէ մեկը չի ուզում Հայաստանում փոփոխություններ բերել՝ հանրային ընկալումը հաշվի առնելով: Ուզում են փոխել իշխող ուժին, բայց ոչ ժողովրդավարական մեթոդով, իսկ դա ընդունելի չէ մեզ համար, հակասահմանադրական որևէ գործողություն դատապարտված է մերժման և օրենքով սահմանված կարգով պատժի»: Մանրամասն՝ տեսանյութում: