Ռուսաստանը մերժեց Ալիևին. Ռուսաստանն ունի Հայաստանի կարիքը

Ռուսաստանը մերժեց Ալիևին. Ռուսաստանն ունի Հայաստանի կարիքը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի հարցը երբեք չի ենթարկվել կասկածի որևէ քննարկման ժամանակ և, ըստ այդմ, չկա որևէ պատճառ, որ հայ պաշտոնյաները չայցելեն Արցախ: Ըստ նրա, դրա համար էլ կա Լաչինի միջանցքի ապահովման հանգամանքը, և բոլորը արտահայտվել են դրա կողմ: Սերգեյ Լավրովն, ըստ էության, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, պատասխանել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաների Արցախ այցերը անօրինական են և դրանք շարունակվելու դեպքում Բաքվի արձագանքը կլինի ավելի կոշտ: Ռուսաստանը, փաստորեն, Բաքվին պատասխանել է դիվանագիտական կոշտությամբ, ըստ էության, խորքային առումով հիանալի պատկերացնելով խնդիրը: Այդ մասին մենք խոսել էինք օրեր առաջ, որ Հայաստանն ու Արցախը կտրելու ռազմավարություն հետապնդելով, Ալիևը և Էրդողանն, ըստ էության, իրականացնում են Ռուսաստանի՝ արցախյան ներկայությունը իրավա-քաղաքական և դիվանագիտական մակարդակում ապալեգիտիմացնելու, այլ կերպ ասած, նաև Ռուսաստանի ոտքը Արցախից կտրելու ռազմավարություն: Հայաստանի ու Արցախի կապը կտրելն, ըստ էության, նշանակելու է հենց դա՝ Արցախում նաև Ռուսաստանի ապալեգիտիմացում: Այդ ռազմավարությունը մաս է հայտարարությունների, որ Ալիևն անում է հակամարտությունը կարգավորված լինելու վերաբերյալ: Ակնառու է, որ հայտարարելով այդ մասին, նա հեռանկարում հող է նախապատրաստում հենց Ռուսաստանի ներկայությունն ապալեգիտիմացնելու համար՝ եթե չկա հակամարտություն, ապա էլ ինչո՞ւ է Ռուսաստանն Արցախում: Հետևաբար, Հայաստան-Արցախ կապը էական նշանակություն ունի Մոսկվայի համար: Իհարկե, ակնառու է նաև, որ Ռուսաստանն աշխատելու է Արցախում ուղիղ ազդեցության աստիճանը ընդլայնելու և խորացնելու համար, և դա բխում է նաև նոր իրողություններից, սակայն առնվազն տեսանելի ապագայի հեռանկարով Հայաստան-Արցախ կապի ապահովումը Ռուսաստանի համար ապահովում է Արցախում իր ներկայության ռազմա-քաղաքական լեգիտիմությունը, նաև իրավա-քաղաքական համատեքստի առումով: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը այդ իմաստով մերժողական պատասխան է Ալիևին, ինչը, սակայն, ամենևին չպետք է հանգստացնող կամ փափուկ բարձի դեր խաղա Հայաստանի համար, որովհետև մշտապես պետք է աչքի առաջ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի՝ Բաքվի միջոցով կամ առանց դրա պայմանավորվելու հավանականությունը, ըստ այդմ՝ Հայաստան-Արցախ կապի համար աշխատելով Մոսկվայի հետ, Երևանը պետք է հնարավորինս արագ փորձի ձևավորել աշխատանքային այլընտրանքներ այն պահի համար, երբ Մոսկվան ինքը դադարեցնի աշխատանքը: Ավելին, հենց այլընտրանքները կապահովեն, որ Մոսկվան Հայաստան-Արցախ կապի հարցում չդադարի ունենալ դրա կարիքն ու Հայաստանի հետ աշխատանքի անհրաժեշտությունը: