Կասկածի տակ է ամեն ինչ, անգամ հայկական արյունը, միայն թե կասկածից դուրս բերվի Պուտինը

Կասկածի տակ է ամեն ինչ, անգամ հայկական արյունը, միայն թե կասկածից դուրս բերվի Պուտինը

ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե, եթե այսքանից հետո հայ ժողովուրդը դուրս չգա փողոցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա արդեն պետք է կասկածել ժողովրդի հայկական արյան վրա: Հասանք, ինչպես ասում են՝ Վահրամ Բաղդասարյանի մոտ կասկածներ են առաջանում հայ ժողովրդի արյան հայկականության առնչությամբ: Գենետիկայի մասնագետները իհարկե հնարավոր է մասնագիտական հետաքրքիր պատասխաններ գտնեն Վահրամ Բաղդասարյանի և ընդհանրապես հայ ժողովրդի հայկական արյան վրա կասկածողների համար: Քաղաքական մակարդակում հարցի պատասխանն ավելլի պարզ է: Հայ ժողովուրդը թերևս վաղուց դուրս եկած կլիներ Հայաստանում քաղաքական և իշխանական փոփոխության պահանջով, եթե նոյեմբերի 9-ի գիշերվանից փողոցում չհայտնվեին մարդիկ, որոնք խուլիգանությամբ դրեցին քաղաքական մի այսպես ասած պայքարի հիմք, որի խորքային նպատակը թերևս հենց Հայաստանում ժողովրդական պայքարի որևէ հնարավորություն թույլ չտալն էր: Դրա համար պետք էր, որ առաջնային պլան գար նախկին կառավարող համակարգը՝ իր հանդեպ հանրային մեծ անվստահության պայմաններում, և պետք էր սկսել խուլիգանությամբ: Այդ ամենն էլ բնականաբար պետք էր Ռուսաստանի Դաշնությանը, որի անվերապահ լոյալությամբ է աչքի ընկնում նոյեմբերի 9-ի գիշերվանից Երևանի փողոցներում ծավալված պայքարը, որը Նոր Տարվա տոներից հետո պայքարող սուբյեկտները տեղափոխել են մարզեր՝ Երևանում մատնվելով անհաջողության: Մարզերում էլ գոնե առայժմ նրանք չեն արժանանում հանրային վստահության, ինչն էլ առաջացնում է «հայկական արյան» հետ կապված կասկածներ: Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը պարզապես մեղմ ասած կասկածներ ունի ներքաղաքական պայքար կոչվածի հայկական նպատակների լինել-չլինելու առնչությամբ, կամ գուցե ունի ոչ թե կասկած, այլ համոզում, որ այդ պայքարում չկան հայկական նպատակներ: Հայրենիքի փրկությունը հայկական նպատակ չէ, որովհետև այն արդեն ավելի քան քառորդ դար պարզապես հայկական ընդդիմության մի մեծ պաստառ է: Հայկական նպատակի ցուցիչը պետք է լիներ իշխանափոխության և անձնափոխության փոխարեն, կամ դրանից բացի, Հայաստանին պարտադրված խաղաղությանն առնչվող որոշակի պայմանների փոփոխության շուրջ առարկայական քննարկումները: Դրանք չկան: Ավելին, կան հավաստիացումներ Ռուսաստանին, որ ըստ էության որևէ բան չի դրվելու կասկածի տակ, կասկածի տակ փաստորեն կդրվի միայն հայ ժողովրդի հայկական արյունը: Դա կգոհացնի նաև Ռուսաստանին: Պատասխանատվությունը պետք է թողնել բացառապես հայ ժողովրդի վրա և ազատել Ռուսաստանին իր դաշնակից ու բարեկամ ժողովրդի ողբերգական պարտության համար պատասխանատվությունից: Լուսանկարը՝ panorama.am-ի