Բաքուն ու Մոսկվան կարող են սպասել ու լուծում չտալ այդ հարցերին, իսկ Փաշինյանի դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ

Բաքուն ու Մոսկվան կարող են սպասել ու լուծում չտալ այդ հարցերին, իսկ Փաշինյանի դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: «Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, ըստ որի՝ Մոսկվան թույլ չի տա, որ Մինսկի խումբը «մահանա». «Մոսկվան կփորձի այն վերածել պրոտոկոլային մի մարմնի, որը հավանության կարժանացնի ու կձևակերպի այն որոշումները, որոնք կընդունվեն ավելի նեղ շրջանակներում։ Ես կարծում եմ, որ հիմնական որոշումները կընդունվեն Մոսկվան-Անկարա, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Երևան կոնտակտների միջոցով։ Բայց Մոսկվային նաև պետք կլինի, որ այդ որոշումները ստանան Փարիզի ու Վաշինգտոնի համաձայնությունը։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ հենց այս ռեժիմով էլ Փարիզն ու Վաշինգտոնը մշտապես աշխատել են Մոսկվայի հետ»։ Դուբնովը չի կարծում, որ Փարիզն ու Վաշինգտոնը ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն առաջիկայում. «Նրանք կաշխատեն համարյա այն նույն ռեժիմով, որով աշխատել են նախկինում։ Նրանք հասկանում են, որ կորցրել են որոշումներ կայացնելու մոնոպոլիան, հիմա իրենց մնում է ընդամենը հավանություն արժանացնողի ֆունկցիա։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կմնա այն կետերից մեկը, որտեղ ներգրավված միջնորդ երկրները կոնստրուկտիվ կերպով համագործակցում են»։ Ինչ վերաբերում է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմնական հատվածը մնացել է կադրից դուրս։ Այն հայտարարությունը, որ տարածվեց հանդիպումից հետո, կողմերը քննարկել են ամենաշատը կես ժամ, բայց ոչ՝ 3-4 ժամ։ Մնացած ժամանակահատվածում քննարկվել են կոնկրետ դետալներ՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացման հետ կապված։ Ըստ իս՝ քննարկվել է բավականին մեծ փաթեթ։ Հայաստանի և Փաշինյանի համար կարևոր են սահմանների դեմարկացիան, Արցախով տեղաշարժը, ռազմագերիները։ Այնտեղ կա նաև խաղաղապահների, Ղարաբաղում հայ զինծառայողների հարցը։ Իմ դիտարկմամբ՝ կողմերը հասկանում են, որ այս հարցերը պետք է լուծում ստանան: Ամբողջ հարցն այն է, որ Մոսկվան ու Բաքուն կարող են սպասել այս հարցերի կապակցությամբ, դա նրանց համար առաջնահերթություն չէ, իսկ ահա Փաշինյանի դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ»։