Ունենք ծրագիր, չունենք ռազմավարություն․ տնտեսական կանխատեսումներ, ինչ սպասել 2021-ին Հայաստանում

Հայաստանում պարենային և ոչ պարենային լայն սպառման ապրանքները՝ ալյուրը, կարագը, ձեթը, ձուն, բենզինը, գազը, համատարած թանկանում են։ Թանկացումները կապված են բացառապես դրամի արժեզրկմա՞ն հետ, և առաջիկայում սոցիալական լարվածությունն էլ ավելի՞ կխորանա․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Այո, գնաճի պայմաններից մեկը դրամի արժեզրկումն է, բայց միայն դա չէ պատճառը։ Միջազգային շուկայում մի շարք ապրանքների գնաճ է տեղի ունենում, օրինակ՝ ցորենի, հետևաբար նաև ալյուրի գնաճ է տեղի ունեցել։ Բնականաբար, այդ ամենը չէր կարող Հայաստանի վրա չազդել։ Անցյալ տարի շաքարավազի շուկայում պրոֆիցիտ էր առաջացել, այսինքն՝ գները սպասվածից էլ ցածր էին, և այսօր շաքարավազի գծով մեծ գնաճը նաև այդ ֆոնով է պայմանավորված։ Չնայած առանձին ապրանքների դեպքում տեսանելի գնաճ կա, այնուամենայնիվ, գնաճը համախառն ցուցանիշ է, և ենթադրվում է, որ 2020 թվականի համար գնաճը տարբեր գնահատականներով կլինի մոտավորապես 2 տոկոսի սահմաններում»։ Գնաճի հետևանքները մեղմելու ուղղությամբ կառավարությունն ի՞նչ անելիքներ ունի․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը պատասխանեց․ «Հարցը պետք է ուղղել կառավարությանը, թե ինչ են անում։ Բացի այն գործոններից, որոնք նշեցիք, հետպատերազմյան շրջանում գնաճը սպասելի էր, որովհետև պատերազմի ժամանակ մենք օգտագործեցինք մինչ այդ ամբարած շատ ռեսուրսներ։ Սակայն այս ամենի մեջ կա նաև որոշակի ապրանքատեսակների գծով սպեկուլյատիվ գործոնը»։