Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկների օգտագործումը, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել: Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությամբ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե' անհատական, թե' սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք: Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին՝ բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկներն օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ: