Դա կատարվեց ցավի ու կորստի արանքից. պատմական ակտ

Դա կատարվեց ցավի ու կորստի արանքից. պատմական ակտ

Այդպիսով, պատմական իրողությունն առկա է՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկությամբ ընդունեց Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: Խոսել հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի բարեկամության և այդ բարեկամության պատմական վկայության մասին, մի կողմից նշանակում է չասել ոչինչ, մյուս կողմից, իհարկե, այստեղ այս պահին կարող են գտնվել քիչ բառեր: Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Ֆրանսիան, հայ և ֆրանսիացի ժողովուրդները թերևս չունեն միմյանց բարեկամության հարցում որևէ բան ապացուցելու կարիք: Հետևաբար՝ խնդիրը պատմական նոր իրողությունը քաղաքական հարթության մեջ դիտարկելն է՝ նկատի ունենալով, որ բարոյական հարթության մեջ այն, իհարկե, մխիթարություն է Արցախ հայրենիքի մեծ մասը, ահավոր պատերազմի ընթացքում իր հազարավոր որդիների կորցրած ժողովրդի համար: Ինչ ենք մենք ստանում բարոյական այդ մխիթարությունից բացի, որը նաև ինչ-որ առումով խոնարհում է Արցախի ազատության և պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր զոհերի հիշատակին: Արդեն հայտնի է, որ Սենատի բանաձևն ունի խորհրդատվական, ոչ իրավական նշանակություն, այսինքն՝ պարտադիր չէ: Այդ իմաստով, վերջին խոսքը գործադիր իշխանությանն է: Մյուս կողմից, սակայն, տվյալ պարագայում խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններից մեկի խորհրդարանի բանաձևի մասին է, ինչն արդեն իսկ քաղաքական իրողություն է, որն ունի զարգանալու մեծ հեռանկար: Հայաստանի գերխնդիրը, բնականաբար, այդ հեռանկարի համար իրենից կախված ամեն ինչ անելն է: Մյուս կողմից, անշուշտ, ցավալիորեն հարց կա, թե հիմա ինչ է կախված Հայաստանից: Ամեն ինչ կամ շատ բան կախված է Ռուսաստանից: Ինչպե՞ս է ընկալում Ֆրանսիայի քայլը Ռուսաստանը, որի նախագահը հայտարարեց, որ եռակողմ համաձայնագրով ընդունել են առկա ստատուս-քվոն, կարգավիճակը թողնելով հետագային: Մյուս կողմից, Ռուսաստանը, թերևս, դեմ չի լինի «կրակից կարգավիճակ հանել» Ֆրանսիայի ձեռքով: Մոսկվան լուծել է ռազմավարական գերխնդիր՝ Բաքվի ստորագրությամբ խաղաղապահ ռազմական ներկայություն ապահովել Արցախում, հետևաբար կարող է հոգու խորքում դեմ չլինել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Արցախը ոչ մի տեղ չի փախչի, Հայաստանը նույնպես, և միաժամանակ՝ ո՞ւր պետք է փախչեն Բաքուն ու Անկարան: Այսինքն՝ հրապարակավ գուցե նույնիսկ դեմ արտահայտվելով Փարիզի քայլին, անգամ խորհրդատվական բնույթի, Մոսկվան իրականում ոգևորությամբ կընկալի այն, քանի որ կբարձրանան իրավիճակի, Բաքվի վրա ազդեցության իր բաժնետոմսերը: Շատ կարևոր է իհարկե, թե Ֆրանսիան ինքն ինչպիսին է պատկերացնում հաջորդ քայլը: Սենատի քվեարկությունը, այսպես ասած, նախազգուշական կրակո՞ց էր դիվանագիտական մարտի մեջ մտնելուց առաջ, թե՞ Փարիզը կանի երկրորդ քայլն էլ՝ ճանաչում գործադիր մակարդակում, որին կհաջորդի արդեն Արցախի հետ հարաբերություն հաստատելու գործընթաց: Բայց պատրա՞ստ է Ֆրանսիան զոհաբերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր հարաբերությունը: Մյուս կողմից կնշանակի, որ Ֆրանսիան պետք է պարզապես հեռանա Կովկասից, եթե ուզում է պահպանել հարաբերություն Բաքվի և Անկարայի հետ: Միով բանիվ, Ֆրանսիայի Սենատը բացել է իսկապես պատմական ասպարեզ, առայժմ կիսադատարկ բովանդակությամբ: