Այս իշխանությունը սպասարկելու է Մոսկվային. կապիտուլյացիա ստորագրած ուժը չի պատրաստվում հրաժարական տալ

Ֆրանսիայի սենատում մեկնարկել են քննարկումները Արցախի ճանաչման բանաձևի շուրջ: Ի՞նչ կփոխի այդ բանաձևի ընդունումը հետպատերազմյան Հայաստանում և Արցախում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այդ բանաձևը Հայաստանում կդառնա հենարան այն ուժերի համար, ովքեր մտադիր են եվրոպամետ և արևմտամետ ուղղությունն առաջ տանել: «2016թ. ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը կանխատեսել էր և գրառում էր արել, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը պարտվի Արցախում, որ Ադրբեջանական ուժերը գրավեն Արցախի անվտանգության գոտին, որպեսզի Հայաստանը ստիպված լինի խնդրել, որ ռուս խաղաղարարները գան Արցախ: Փաշինյանը գրել է նաև, որ Հայաստանը ստիպված կլինի կնքել հարկադրված, ստորացուցիչ հրադադարի համաձայնագիր, և այսպիսով՝ պայմաններ կստեղծվեն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու համար, և որ Հայաստանը այլևս չի կարող դա խոչընդոտել: Այս կանխատեսումը վկայում է, որ այն, ինչ մենք ապրեցինք այս օրերին, նորություն չէր որոշ քաղաքական շրջանակների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի համար: Սա ևս մեկ անգամ արդիականացնում է հարցը, թե արդյո՞ք ճիշտ է ընտրված եղել մեր անվտանգության համակարգը, արդյո՞ք ճիշտ է եղել, որ գլխավոր դերակատարը եղել է Ռուսաստանը, և արդյո՞ք այդպես պետք է շարունակվի: Ֆրանսիայի սենատում եթե Արցախի ճանաչման բանաձևն ընդունվի, դա հիմք կդառնա Հայաստանում այն ուժերի համախմբման համար, ովքեր կարծում են, որ արմատական քաղաքական փոփոխություններ են պետք մեր կյանքում և պետք է արմատական փոփոխության ենթարկել նաև անվտանգության համակարգը»,-նշեց Ղուկասյանը: Նրա դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը պատանդ է. «ՌԴ-ն Հայաստանին կարող է դիտարկել որպես իր ազդեցության տարածք, անկախ նրանից, թե ինչ կառավարություն կլինի, բացառությամբ այն կառավարության, որը կհռչակի դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական փոփոխությունների ծրագիր»:   Մանրամասն՝ տեսանյութում: