Երրորդ հանրապետության համակարգը սատկում է, այն մեր թշնամին դուրս եկավ

Ինչու հնարավոր եղավ պատերազմը, ինչու հնարավոր եղան սադրանքները, և ինչու մենք դարձանք ստորագրված այս փաստաթղթի կրողը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցերի շուրջ ներկայացնելով իր դիտարկումները Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն ընդգծեց, որ պատճառը խորքային է, բայց պարզ՝ երրորդ հանրապետություն կոչված կեղծ համակարգը այլ արդյունք չէր կարող ցույց տալ: «Սկզբնական շրջանում բոլորս վստահ էինք, որ արցախյան առաջին պատերազմի նման ժողովուրդը և բանակը, ունենալով պետական կառավարման համակարգի մասնակցությունը և աջակցությունը, ինչպես նաև մասնակի խոչընդոտները, այնուամենայնիվ, կկարողանա կասեցնել թշնամու առաջխաղացումը, և հետո, ուժ հավաքելով, պատերազմի հաջորդ փուլում կկարողանանք հասնել հաղթանակի: Ցավոք, պետք է խոստովանենք, որ, այսպես կոչված, երրորդ հանրապետությունը, ավելի մեծ թշնամի դուրս եկավ մեզ համար, քան մենք պատկերացնում ենք: Երրորդ հանրապետության վերջին շրջանն է, սատկում է այդ համակարգը: Մենք պետք է որդեգրենք առաջին հանրապետության իրավահաջորդությունը և առաջնահերթորեն իրավաքաղաքական տիրույթում ամրագրենք մեր անօտարելի իրավունքները և լեգիտիմացնենք մեր ապագա կատարելիք գործողությունները, նաև զուգահեռաբար պատրաստվենք պատերազմին, քանի որ սա պատերազմի մի մասն էր, այն ինչ-որ պահից վերսկսվելու է: Որպեսզի նոր պատերազմը մեզ համար չդառնա վերջինը և չդառնա մեր ազգի պետականության դագաղի վերջին մեխը, մենք պետք է հակառակ տրամաբանությամբ անդուլ աշխատենք»,- նշեց Վարուժան Ավետիսյանը: «Ազգովի պետք է լծվենք մեր հայրենիքը պաշտպանության պատրաստելու գործին, սա լինել-չլինելու հարց է: Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք, ունենալով հիմքում իրավունքը՝ Առաջին հանրապետության իրավահաջորդությամբ երաշխավորված, կկարողանանք ոտքի կանգնել և ստեղծել այնպիսի համակարգ, որի շուրջ ձևավորված ազգային պետական կազմակերպվածքը և նաև պաշտպանական համակարգը՝ իր Զինված ուժերով հնարավորություն կտա իսկապես կոտրել թշնամու ողնաշարը: Մենք հիմա արձանագրում ենք ցանցային, համակարգային դավադրության երևույթը, որի պայմաններում 30 տարի շարունակ ապրել ենք և հիմա էլ ապրում ենք: Դրա համար էլ այս ամենը եղավ: Շատ տեղեկություններ կան, որ ամենաբարձր մակարդակներում եղել են դավադրություններ, եղել են ճակատը քանդելու գործողություններ, այդ տեղեկությունները պետք է ստուգվեն, բայց, ցավոք, այսօրվա կառավարությունը, որը նույնպես կիսագաղութային, օտարին ծառայող համակարգի սպասարկուն է, չի կարող այդ գործը գլուխ բերել: Քաղաքական իմաստով կարող ենք ասել, որ բոլորն էլ դավաճան են, բայց իրավական առումով, անշուշտ, պետք է քննություն ծավալվի և պարզվի, թե ով ինչ է արել, ինչպես է արել: Այսօրվա իշխանության մնալն արդեն անընդունելի և անընկալելի է»,- նշեց Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: