Ադրբեջանը չի կարող վերահսկվող տարածքներում ում ուզի վերաբնակեցնի, հայկական կողմը պետք է դիմի միջազգային կառույցներին

Դեռևս այնպիսի իրավիճակ է, երբ ունենք ռազմագերիներ և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձինք, նաև անհետ կորածներ կան, ինչպես նաև կան զոհված զինծառայողներ, որոնց մարմինները դեռ չեն վերադարձվել իրենց ընտանիքներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը: «Այս խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքացիական հասարակությունը ևս աշխատանքներ է իրականացնում: Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այդ հարցերն են առաջնահերթ կարգով բարձրացվել, հորդորել ենք, որ իրենց ողջ ազդեցությունն օգտագործեն՝ պարտադրելու Ադրբեջանին՝ վերադարձնել ռազմագերիներին և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց և զինվորների դիակները: Խոստացել են ջանքերը կրկնապատկել, մենք հետևողականորեն կաշխատենք այդ ուղղությամբ: Մարդու իրավունքներին առնչվող այդ հարցերը պետք է առաջնահերթ լուծում ստանան: Սակայն ինչպես տեսնում ենք, տարածքային շահերն ավելի կարևոր են Ռուսաստանի ու Ադրբեջանի համար, և նրանց կողմից չկա շահագրգռվածություն այդ անձանց վերադարձնելու հարցով»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում նախատեսվում է բնակեցնել ջիհադիստներին և նրանց ընտանիքներին, Լուսինե Հակոբյանը նշեց, որ այդ տարածքներում ում ուզեն, չեն կարող բնակեցնել. «Մեր տարածաշրջանում չեն կարող ահաբեկչական օջախներ ստեղծել և դրանք ամրապնդել»: «2005թ. ԵԱՀԿ-ն հատուկ առաքելություն էր իրականացրել հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներում, և այդ ժամանակ գնահատվել էր այն հանգամանքը, թե արդյոք հայկական կողմը այդ տարածքներում հատուկ բնակեցման քաղաքականություն է իրականացնում թե ոչ: Վերջում զեկույց կազմվեց և արձանագրվեց, որ հայկական կողմը այդ տարածքներում վերաբնակեցման հատուկ քաղաքականություն չի իրականացնում: Հիմա հայկական կողմը պետք է ակտիվորեն գործի, նախաձեռնողականությունը իր ձեռքը վերցնի և նմանատիպ առաքելություն իրականացնի Արցախի վերահսկողության տակ գտվող տարածքներում, ստուգելու, թե այդ տարածքները արդյոք ահաբեկիչներով են բնակեցվում, թե ոչ: Պետք է հայկական կողմը խնդրանք ներկայացնի միջազգային գործընկերներին և հետամուտ լինի, որ նման առաքելություն իրականացվի այդ տարածքներում»,- նշեց Լուսինե Հակոբյանը: Մանրամասն՝ տեսանյութում: