Հայաստանի ինքնիշխանությանը լուրջ հարված հասցվեց, մեր առաջ կարող են դնել Ղրիմի ճանաչման հարցը

Հայաստանի ինքնիշխանությանը լուրջ հարված հասցվեց, մեր առաջ կարող են դնել Ղրիմի ճանաչման հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ - Պարոն Բադալյան, Հայաստանում կառավարության կազմի որոշ անդամների փոփոխություն է տեղի ունենում, և հասկանալի է, որ հետպատերազմական իրավիճակում  տարվող քաղաքականությունը բավականին բարդ է լինելու։ Որո՞նք պետք է լինեն առաջնահերթությունները՝ ըստ Ձեզ։ - Խնդիրն այն է, որ առաջնահերթությունները ոչ թե նախարարներն են որոշում, այլ քաղաքական թիմը և նրա ղեկավարը։ Իսկ քաղաքական թիմի և նրա ղեկավարի պատկերացումները Հայաստանի զարգացման  վերաբերյալ Պրոսպեկտի պողոտայում խորոված  անելն ու ուտելն է։ Սա է իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Իսկ նման դեպքում խոսել նոր նախարարների քաղաքական առաջնահերթությունների մասին՝ անիմաստ է։ Լինելու է այն, ինչ վարչապետը անում էր մինչև հիմա։ Պարզապես եթե նախկինում դա անում էր նախարար Պողոսի միջոցով, հիմա կանի  նախարար Պետրոսի միջոցով։ Սա է միակ տարբերությունը։ Կարող է նոր նշանակված նախարարը մի քիչ ավելի փորձառու լինել, կարող է մի աշխատանքը 15-20 տոկոսով ավելի արդյունավետ իրականացնել, քան նախորդը, բայց հարցն այն է, որ խնդիրը պետք է ձևավորվի։ Նայում ենք մեր շուրջը՝ ԱՄՆ-ում Բայդենն է հաղթել, այնտեղ կփոխվեն ԱՄՆ-ԵՄ, Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Այդ փոփոխությունների մեջ Հայաստանը պետք է իր տեղն ունենա։ Բայց մենք տեսնում ենք, որ որևէ ծրագիր չկա։ Վարչապետի հրապարակած վերջին կառավարության ծրագիրը այն վերջին 14 կետանոց ծրագիրն էր, որ լավագույն դեպքում սոցապնախարարի ծրագիր էր՝ արցախցիների սոցիալական վիճակը բարելավել, բնակարանով ապահովել։ Դա երկրի զարգացման վեկտոր չի կարող հանդիսանալ, որովհետև դա լավագույն դեպքում ճյուղային պարզեցված ծրագիր էր և ոչ ավելին։ Սա չի համապատասխանում տվյալ պահին Հայաստանում ստեղծված իրավիճակին ու դրանից դուրս գալու անհրաժեշտությանը։ - Պետք է վերանայվեն նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ - Պատերազմը բավականին լուրջ հարված հասցրեց Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախկինում Հայաստանը կարողանում էր քիչ թե շատ ինքնիշխանությունը պահպանել, Ռուսաստանի, Եվրամիության  հետ հարաբերություններ ունենալ։ Եթե հիշում եք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի համաձայնագիր կնքվեց։ Այսինքն՝ փորձում էր  իրավահավասարության, փոխշահավետ համագործակցության  վրա հիմնված   քաղաքականություն իրականացնել։ Այս պատերազմը, սակայն, բավականին ուժեղ հարված հասցրեց Հայաստանի ինքնիշխանությանը, ու Հայաստանը փաստացի  վերածվեց Կալինինգրադի մարզ 2-ի։ Բնականաբար այսուհետև Հայաստանը չի կարողանալու վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։ Ենթադրում եմ, որ Հայաստանն արդեն իր արտաքին քաղաքականությունը, իհարկե չերևացող ձևով, համաձայնեցնելու է  Ռուսաստանի Դաշնության հետ։ Պարզ դարձավ, որ Հայաստան պետության գոյությունը կախված է լինելու 102-րդ ռուսական  ռազմաբազայի  Գյումրիում գտնվելու փաստից։ Կա այդ բազան՝ կա Հայաստանի Հանրապետությունը, չկա այդ բազան՝ չկա Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի բանակը բավականին թուլացավ, կապիտուլյացիայի ենթարկվեց Ադրբեջանին, և Հայաստանն այլևս չի կարող վարել անգամ այն արտաքին՝ թեկուզ ոչ լիարժեք, բայց բազմավեկտոր  քաղաքականությունը, որը վարում էր նախկինում։ Ռուսաստանը դա թույլ չի տա, ու դա հասկանում են նաև ՀՀ իշխանությունները։ Շատ այլ հարցեր կարող են   դրվել Հայաստանի առաջ, օրինակ՝ Ղրիմի ճանաչումը։ Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությանը այս պատերազմով շատ  մեծ հարված հասցվեց։ - Էական չէ՞ այն հարցը, թե Հայաստանում կփոխվի իշխանությունը, թե՞ ոչ։ - Եթե անգամ փոխվի էլ, կարող է այդ արտաքին քաղաքականության մեջ որոշ հստակեցումներ մտցվեն, ու ինքնիշխանությունը մի քանի տոկոսով բարձր լինի։ Բայց միանշանակ է՝ եթե Հայաստանում անգամ իշխանություն էլ փոխվի, ինքն առժամանակ լինելու է Կալինինգրադի մարզ 2։