Հայաստանը կօգտագործի՞ դաշինքը. Բայդենից առաջ և հետո

Հայաստանը կօգտագործի՞ դաշինքը. Բայդենից առաջ և հետո

ԱՄՆ-ում սկսել է կառավարման ղեկը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը, որի մասին հայտարարել է գործող նախագահ Թրամփը: Նա մինչ այժմ էլ չի ընդունում իր պարտված լինելու հանգամանքը, սակայն փաստորեն ողջախոհությամբ պատրաստվում է երկիրը ցնցման տանելու փոխարեն ապահովել իշխանության խաղաղ փոխանցման ավանդույթը, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին, այդպիսով գործնականում նոր իրավիճակ ստեղծելով աշխարհում: 2020-ի հունիսին հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցել է 2020 թվականի փետրվարին ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Կրոնական ազատությունների դաշինքին: Դաշինքը դնում է մարդու համընդհանուր իրավունքի շրջանակում կրոնական ազատությունների պաշտպանության խնդիրը: Դրան միացել է մոտ երեք տասնյակ պետություն, ինչպիսիք են Վրաստանը, Իսրայելը, Հունգարիան, Չեխիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Մերձբալթյան երկրները, Նիդեռլանդները, Ավստրիան, Լեհաստանը, Սենեգալը, Սլովակիան և այլն: Դաշինքը նախաձեռնող Նահանգների հիմնական թիրախը Չինաստանն էր, որի հետ Թրամփի վարչակազմի հարաբերությունը վերջին ամիսներին գնաց գերլարման ուղով: Միաժամանակ, սակայն, նախաձեռնության ձևաչափային առանձնահատկությունն այնպիսին էր, որ ինքնաբերաբար չէր ենթադրում նախաձեռնությանը միացած երկրների «միացում» Չինաստանի դեմ ԱՄՆ խնդիրներին: Դրա մասին է խոսում երկրների կազմը, որոնք միացել են նախաձեռնությանը և Չինաստանի հետ ունեցել են, ունեն բարվոք հարաբերություն: Բանն այն է, որ դաշինքը՝ որպես այդպիսին, աշխատանքային հարթակ է, որտեղ բերվում են միացած երկրներին հուզող խնդիրներ և բարձրաձայնվում: Հայաստանի անդամակցության մոտիվը միանգամայն հասկանալի էր: Նախաձեռնությունը դիտարկվում էր ավելի ու ավելի ագրեսիվացող Թուրքիայի զսպման հավելյալ հնարավորություն՝ մարդու իրավունքի և կրոնական ազատության գործիքի միջոցով: Խոշոր հաշվով, գործիքը չաշխատեց, Թուրքիայի զսպման քաղաքականությունը արդյունավետ չէր՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Խոշոր հաշվով, Թուրքիայի՝ էրդողանյան խուլիգան-արկածախնդրության զսպման հարցում գործիքների ճգնաժամի առաջ է ամբողջ աշխարհը: Այստեղ էական նշանակություն ունի Նահանգների դիրքորոշումը, որը, սակայն, Թրամփի նախագահության ընթացքում, թերևս, ավելի շուտ վերաճեց «Թրամփի դիրքորոշումով»: Համենայնդեպս, Թրամփն իր քաղաքականությամբ վակուումներ առաջացրեց մի շարք ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում, որտեղ, օգտվելով առիթից, խցկվեց Թուրքիան: Կրոնական ազատությունների դաշինքին անդամակցումով Հայաստանը չկարողացավ նաև իր խնդիրների հանդեպ գրավել նախաձեռնող ԱՄՆ ուշադրությունը: Պատճառները դարձյալ շատ են, այդ թվում նաև սուբյեկտիվ, նաև խիստ սուբյեկտիվ: Ի դեպ՝ հատկանշական է, որ Էրդողանը Կովկասում պատերազմ սկսելու որոշումը կայացրեց ԱՄՆ նախագահի ընտրության թեժության գագաթնակետին, ձգտելով նաև հասցնել՝ մինչև պարզ կլիներ Բայդենի, թերևս, կանխատեսվող հաղթանակը: Ինչ վերաբերմունք կունենա նոր վարչակազմը Կրոնական ազատության դաշինքի հանդեպ, պարզ չէ: Դեմոկրատներն ավելի զգայուն են այդ խնդիրներին, հետևաբար՝ կարո՞ղ է արդյոք նախաձեռնությունը այդ կերպ առավել օգտակար լինել հայկական հարցերի համար, թեկուզ ուշացումով: Բայց մինչ Բայդենը կա ժամանակ, իսկ հարցերը՝ մասնավորապես թուրք-ադրբեջանական ենթակայութան տակ հայտնված հայկական մշակութային և կրոնական ժառանգության հետ կապված, ոչ միայն չեն սպասում, այլ ծանրանում են ադրբեջանական վանդալիզմի բեռով: Երևանը պատրաստվո՞ւմ է օգտագործել Կրոնական ազատության դաշինքի աշխատանքային հարթակը: Առավել ևս որ այդ հարթակում են նաև երկրներ, որոնք պատերազմի օրերին դրսևորեցին արժանապատիվ քաղաքականություն, թեև, իհարկե, բավականին սուղ են միջազգային ասպարեզում նրանց քաղաքական ազդեցության հնարավորությունները: Օրինակ՝ Ավստրիան, Նիդեռլանդները՝ որի խորհրդարանը այս օրերին նաև կոչ արեց կառավարությանը պատժամիջոց կիրառել Ալիևի, Ալիևայի և Էրդողանի դեմ պատժամիջոց կիրառելու որոշում: Մյուս կողմից, ներկայումս, իհարկե, Հայաստանի առումով կա արտաքին քաղաքական աշխատունակության հարց: