Կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը չի կարող լինել կենսունակ արտաքին ճակատում

Պատերազմի թողած ծանր նստվածքը փորձ է արվում լիցքաթափել կառավարության փոփոխությամբ, հատկապես երբ պատերազմից հետո շատ բնականորեն հնչում են թիվ մեկ պատասխանատուի հրաժարականի վերաբերյալ կոչեր: Եվ քանի որ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով ներկայումս այդ հրաժարականի քաղաքական հրատապությունը քաղաքական լայն օրակարգում չկա, և վարչապետը շարունակում է պաշտոնավարել՝ ներքին և արտաքին մի շարք գործոնների բերումով, ապա փորձ է արվում ծանր պարտությունով պայմանավորված հետպատերազմյան լարվածությունը, որ կա կառավարության հանդեպ, լիցքաթափել այս պաշտոնանկություններով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Գործադիրում մեկնարկած պաշտոնանկություններին, նոր նշանակումներին: Նրա դիտարկմամբ՝ այս փոփոխությունները քաղաքական որոշման արդյունք են: Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի դերը միշտ եղել է մեծ Հայաստանի ներքաղաքական կյանքում, հիմա առավել քան մեծ է: «Եթե բոլոր քաղաքական ուժերի մակարդակով մեզ թվում է, որ Ռուսաստանի միջնորդությունը մեզ փրկել է լիակատար տապալումից, ապա հասկանալի է, որ լիակատար տապալումից փրկող միջնորդը մեր նկատմամբ ունի գրեթե անսահմանափակ իշխանություն: Եթե Ռուսաստանը գնացել է այդ համաձայնագրին և շարունակում է իր համար ռազմավարական հարցեր լուծել, ապա համաձայնագիրն ավարտին հասցնելու առումով Մոսկվան կցանկանա շարունակել աշխատել վարչապետ Փաշինյանի հետ: Մենք տեսանք արձագանքները ՌԴ կողմից՝ Պուտինի մակարդակով, որն ասաց, որ Փաշինյանին գուցե կարելի է մեղադրել կայացրած ճիշտ կամ սխալ որոշումների համար, բայց ոչ դավաճանության մեջ: Սա նշան էր, որ Ռուսաստանը չի դնում Հայաստանում արմատական զարգացումների խնդիր»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կորրցրել է լեգիտիմության ահռելի մասը, բայց Հայաստանում չկա այլ լեգիտիմ ծանրակշիռ քաղաքական բևեռ, որը կկարողանա հանրային գերակա հավանության պայմաններում ստանձնել երկրի կառավարումը: Հակոբ Բադալյանը նաև ընդգծեց, որ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը չի կարող կենսունակ լինել արտաքին ճակատում: Մանրամասն՝ տեսանյութում: